Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խստորեն քննադատել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում երկրպագուների կողմից թիմի ֆուտբոլիստների հասցեին հնչող սուլոցները։
Ինչպես հայտնում է ակումբի նախագահը, նման վարքագիծը հաճախ ոչ թե հասարակ երկրպագուների դժգոհությունն է եղել, այլ կազմակերպված շարժումների, մասնավորապես՝ մարզադաշտից հեռացված «Ultras Sur» խմբավորման և «Ambar» շարժման հրահրած գործողությունները։
Պերեսի խոսքով՝ ակումբն ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ՝ թույլ չտալու համար արմատական տարրերի մուտքը մարզադաշտ, ովքեր փորձում են ներսից վնասել թիմի մթնոլորտը։
Նախագահն ընդգծել է, որ խաղացողները վատ խաղի ժամանակ աջակցության կարիք ունեն, այլ ոչ թե քննադատության։ Ըստ Ֆլորենտինո Պերեսի՝ ինքը պատրաստ է ընդունել ցանկացած մարտահրավեր, այդ թվում՝ իր հրաժարականի պահանջները, եթե ընդդիմադիր կողմերը կարողանան արժանի թեկնածու առաջադրել առաջիկա ընտրություններում։
«Ես անում եմ այն, ինչն ամենալավն է «Ռեալի» համար և պաշտպանում եմ ակումբի շահերը, ինչպես ինձ սովորեցրել է հայրս դեռ մանկուց»,- հավելել է նա՝ կոչ անելով իրական երկրպագուներին լինել թիմի կողքին։









































