Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում կասեցվել է գործարար և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը։
Նշվում է, որ Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2004 թվականի հուլիսի 22-ին։ Սակայն «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքի 32-րդ կետի համաձայն, եթե Վրաստանի քաղաքացին ստանում է այլ երկրի քաղաքացիություն, ապա կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը։
Վրացական կողմը պարզել է, որ 2004 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո Իվանիշվիլին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Ելնելով դրանից՝ կասեցվել է Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իվանիշվիլին հայտարարել էր, որ ստեղծելու է առանձին կուսակցություն և մասնակցելու է 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նպատակ ունենալով զբաղեցնել վարչապետի կամ էլ խորհրդարանի խոսնակի պաշտոնը։
Հանուն դրա՝ Իվանիշվիլին պատրաստակամություն էր հայտնել հրաժարվել Ֆրանսիայի ու Ռուսաստանի քաղաքացիությունից և վաճառել Ռուսաստանում ունեցած իր բիզնեսը։
Ի դեպ, կարծիքներ կան, որ 5.5 միլիարդ դոլարի կարողություն ունեցող և Ռուսաստանի 24-րդ մեծահարուստը համարվող Իվանիշվիլին «ռուսական նախագիծ» է։








































