Իսպաներեն լեզվին նվիրված օր՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ իսպաներեն լեզվին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ուսանողներ, լրագրողներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դասախոսներ: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում իսպանական կենտրոնը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը՝ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակար Դամթյու Դեսալեյնեն, ով կարևորեց հայ երիտասարդների` իսպաներենի իմացությունը: «Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ լեզուները անմիջականորեն անդրադառնում են մեր մտածելակերպի վրա»,- ասաց Դ. Դեսալեյնեն:
Տոնին ներկա էին պաշտոնատար անձինք և լեզվի ուսուցումը Հայաստանում խթանող մասնագետներ, ովքեր խոսեցին Հայաստանում իսպաներեն լեզվի, մշակույթի և երաժշտության մասին: Միջոցառմանը ներկայացվեցին իսպանական պետությունը, մշակույթը, ավանդույթները, քաղաքակրթությունը: Իրենց համերգային կատարումներով`երգ, պար, միջոցառումը իսպանական տոն դարձրեցին մանկավարժական համալսարանի ուսանողները և պարզապես իսպաներեն լեզվով հետաքրքրված երիտասարդները:
Նշենք, որ իսպաներենը համարվում է ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը, ինչպես ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենը և այլն: Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ծրագրել է տարվա ընթացքում նշել ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուների օրերը:








































