Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Խորվաթիայում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ունեցած ելույթները. «Խոսելով հակամարտության հիմնարար սկզբունքների մասին՝ համանախագահները որևէ նոր բան չասացին: Նրանք բացահայտեցին քննարկվող հիմնարար սկզբունքները: Դրանցից միայն 5-րդ սկզբունքում է խոսք գնում հարկադիր վերաբնակների վերադարձի մասին, սակայն այստեղ խոսքը ԼՂ-ի և ոչ թե նրան հարակից շրջանների մասին է: ԼՂ կարգավիճակի հստակեցման համար առաջին հերթին ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ»: Այնուհետև Մամեդյարովը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցությունների «հիմնական քննարկման առարկան» ոչ թե ԼՂ կարգավիճակի հստակեցումն է, այլ` «ադրբեջանական հողերի օկուպացիայի և հարկադիր վերաբնակների վերադարձի խնդիրները»: Նա նշել է, թե` «բոլորը հասկանում են սա, այդ թվում՝ նաև հայերը», և «դրա համար էլ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է հստակեցվի ամենավերջում»:
Այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարարը արել է մի հայտարարություն, որը ամիսներ առաջ պաշտոնական Երևանը հերքել էր: «Բոլորը հասկանում են, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվի խաղաղապահ կոնտինգենտ: Ո՛չ հայերը, ո՛չ էլ մենք չենք վստահում միմյանց: Դրա համար էլ լուրջ քննարկումներ են ծավալվել հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու շուրջ»,- ասել է նա: Ապա Մամեդյարովը նշել է, որ բանակցություններում որոշ դեպքերում առաջընթաց է գրանցվել, սակայն մի շարք հիմնական սկզբունքների շուրջ բարդություններ կան, և դրանց շուրջ դեռևս փոխզիջում ձեռք բերված չէ:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն նշել էր, որ հակամարտության կարգավորումը հիմնված է 3 սկզբունքի վրա. ուժի չկիրառում, պետության տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Բացի այդ, նա հայտարարել էր, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հակամարտության կարգավորման հետևյալ 6 տարրերի ուղղությամբ. ա) ԼՂ-ին հարակից շրջանների ազատում, բ) ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, գ) Հայաստանի և ԼՂ-ի միջև անմիջական կապի (միջանցքի) ապահովում, դ) ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցում, ե) իրենց տները փախստականների վերադարձի ապահովում, զ) տարածաշրջանում միջազգային անվտանգության և խաղաղապահ գործողությունների անցկացման ապահովում:
Այն, որ` «բանակցությունների հիմնական քննարկման առարկան ոչ թե ԼՂ կարգավիճակի հստակեցումն է, այլ` ադրբեջանական հողերի օկուպացիայի և հարկադիր վերաբնակների վերադարձի խնդիրները», իհարկե ադրբեջանական հերթական ստերից է: Այս հարցը, թերևս, բանակցությունները արգելափակող հիմնական թեմաներից մեկն է: Իսկ ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը, ապա Է.Մամեդյարովի հայտարարությանը չհավատալու հիմքեր չկան, որովհետև սա մի հարց է, որը Մադրիդյան սկզբունքներից վերջինն է: Իսկ որ սկզբունքներից որոշների շուրջ չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել` նույնպես ճիշտ է: Այդ մասին հայտարարել է նաև ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն` «հակամարտող կողմերն ընդունում են այս սկզբունքների միայն մի մասը, այդ պատճառով էլ անհնար է դառնում եզրափակիչ համաձայնագրին հասնելը»:
Ինչպե՞ս են մեկնաբանում ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման առնչությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը ռուս վերլուծաբանները: Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց. «Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման հարցը Մադրիդյան սկզբունքներից մեկն է, որոնք քննարկվում են տարուց ի վեր, որոնց շուրջ այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, կոնսենսուս ձեռք չի բերվել: Այդ իսկ պատճառով դա հարցերից մեկն է, որը քննարկվում է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում: Կարծում եմ` թե՛ նշյալ հարցը, թե՛ փախստականների վերադարձի հարցը ներկայացնելով որպես ամենավճռորոշը` անարդյունավետ գործ է, որովհետև արտաքին զինված ստորաբաժանումների տեղակայումը այնպիսի զգայուն տարածաշրջանում, ինչպիսին Ղարաբաղն է` կարող է առաջացնել մյուս խաղացողների բավական լուրջ արձագանքը, իսկ արդյունքում կարող ենք ոչ թե տարածաշրջանի կայունության հաստատմանը հասնել, այլ` ընդհահակառը, եթե ոչ հակամարտության վերսկսմանը, այլ զգայուն մի իրավիճակի ստեղծման, քանի որ մենք գիտենք, թե ինչպես է վերաբերվում Իրանը խաղաղապահների տեղակայմանը, որոնք վերահսկվելու են դե ֆակտո ՆԱՏՕ-ի կողմից: Եվ մենք գիտակցում ենք, որ Լիբիայից, Սիրիայից հետո կարող է Իրանը դառնալ հարվածների կետ: Ուստի խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում` կարող է նշանակել մերձավորարևելյան անկայունության տարածում Հարավային Կովկասում»:
Մեր մյուս զրուցակիցը` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը մեզ հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե` լուրջ քննարկումներ են ծավալվել հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու շուրջ, բավական կասկածելի է թվում, որովհետև նման բանակցությունները պետք է բազմակողմանի լինեն և դրանց պետք է մասնակցեն հայկական կողմերը: «Մյուս կողմից` խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում կարող է արագ իրավիճակն անկանխատեսելի դարձնել, քանի որ սա բավական բարդ խնդիր է, ուստի այս հարցում բավական լուրջ բանակցություններ պետք է ծավալվեն»,- նշեց ռուս փորձագետը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Ֆրանսիայի վերջին ջանքերը կարո՞ղ են վկայել այն մասին, որ ՌԴ-ն ետ է մղվում կարգավորման առաջատարի իր դիրքերից, Ալեքսանդր Կռիլովը պատասխանեց. «Ֆրանսիայի պարագան առավելապես կարելի է պայմանավորել ներֆրանսիական գործընթացներով, քան նրանով, որ Ֆրանսիան և ԵՄ-ն սկզբունքորեն փոխել են իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասի նկատմամբ: Իսկ Ռուսաստանը ետ չի մղվում: Ակնկալել, թե ՌԴ-ն որևէ կերպ մեկուսանում է այդ տարածաշրջանից` ճիշտ չէ, որովհետև այս տարածաշրջանով պայմանավորված է ՌԴ անվտանգությունը, և այն, ինչ կատարվում է Հյուսիսային Կովկասում` խիստ կարևոր է նրա համար: Սարկոզիի այցից ակնկալել, թե այն կարող է ինչ-որ փոփոխությունների հանգեցնել Հարավային Կովկասում, կամ Ֆրանսիան կգրավի գլխավոր միջնորդի դերը ԼՂ կարգավորման գործընթացում` պետք չէ: Ով էլ լինի գլխավոր միջնորդը, միևնույն է, միջնորդները չեն հակամարտությունը լուծողը, միջնորդները ընդամենը ապահովում են բանակցային գործընթացը և երաշխավորում են պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել, համաձայնեցվել են: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որևէ արմատական փոփոխություններ սպասել չի կարելի»:







































