Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծված ենթակոմիտեի մասին, ներկայացրեց պատվիրակության տեսակետն այն մասին, որ առաքելությունը չի կարող կյանքի կոչել: «Ադրբեջանական կողմը մեր չներկայանալը ներկայացրեց որպես խախտում: Կարծում եմ` դրա գործունեության վերաբերյալ քննարկում կլինի բյուրոյի հաջորդ նիստին»:
Դ. Հարությունյանը հույժ կարևոր համարեց Մարինա Շուստերի զեկույցը` այն անվանելով «ինքնահակասական»: Դ. Հարությունյանը երեք հակասական դրույթներ նշեց նրա զեկույցից` ասելով, որ Շուստերն անջատողականությունը որակում է որպես օրինական և ապօրինի, սակայն իր կարծիքով չեն լինում օրինական և ապօրինի սահմաններ: Որպես զեկույցի երկրորդ հակասություն` նա մատնանշեց այն ձևակերպումը, որ անջատողականությունը խաթարում է միջազգային անդորրը, և երրորդը` ինքնորոշման իրավունքը զեկույցում հակադրվում է տարածքային ամբողջականությանը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Հայաստանի ժողովրդավարության ինստիտուտների վերաբերյալ բանաձևի առիթով, նշեց, որ իր ելույթում կարևորել է Հայաստանի խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը: Իսկ բանաձևի նախագծի քննարկման ժամանակ նա լքել է դահլիճը, քանի որ ադրբեջանական պատվիրակության ողջ կազմը հերթագրվել էր` ներկայացնելու հերթական մեղադրանքները:
«Ընդունված բանաձևը էական փոփոխությունների չի ենթարկվել` ի համեմատություն նախագծի, ԵԽԽՎ-ն Մարտի 1-2-ի էջը փակված է համարել, սակայն, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն շարունակելու է հետևել տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտմանը: Մենք ևս մեր ելույթներում նշեցինք, որ տասը զոհերի մահվան բացահայտումը պետք է մնա օրակարգային հարց»,- ասաց Ն. Զոհրաբյանը:








































