Հոկտեմբերի 10-11-ը Երևանում տեղի կունենա «ԱրմԹեք Կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովը: Այս տարի այն անցկացվում է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:
Այսօր ասուլիսում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ համաժողովն աննախադեպ հաջողություն է արձանագրում, այս տարի և՛ գրանցվողների թիվն է ավելացել՝ հասնելով 100-ի, և՛ աշխարհագրությունն է մեծացել: Համաժողովին ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, ԱՊՀ և այլ երկրներից, ինչպես նաև խոշորագույն վերազգային կորպորացիաների («Հյուլեթ Պակարդ», «Մայքրոսոֆթ», «Դ-լինկ», «Ինտել Սինոփսիս») ներկայացուցիչներ:
«Իմպեվա Լեբզի» և «Վիասֆեր Ինթերնեյշնլ» վենչուրային ընկերության նախագահ Թոնի Մորոյանի բնորոշմամբ՝ «ԱրմԹեքը» բացառիկ համաժողով է, քանի որ հնարավորություն է ստեղծում կապեր հաստատել և համագործակցել ԱՄՆ և աշխարհի առաջավոր մասնագետների հետ:
««ԱրմԹեք Կոնգրեսը» դարձել է բրենդ և իրականացնում է այն առաքելությունը, որ աշխարհի ուշադրությունը գրավի Հայաստանի վրա՝ որպես ՏՏ երկրի»»,- ասաց Թ.Մորոյանը՝ հավելելով, որ եթե տարիներ առաջ ԱՄՆ-ում չգիտեին, թե ինչ է Հայաստանը, ապա 2007-ին Սիլիկոնյան հովտում համաժողովն առաջին անգամ անցկացնելուց հետո ՀՀ-ն արդեն հայտնի է՝ որպես ՏՏ երկիր:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան տեղի է ունենալու համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ 5 ընկերությունների շնորհվելու է 15 հազարական դոլար դրամաշնորհ, հանձնվելու են մի շարք պարգևներ և մրցանակներ այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում ունեն համաժողովի կայացման գործում:
«Աներևակայելի մի քանի հայտարարություններ կլսեք»,- խոստացավ Բ.Ենգիբարյանը:








































