Տավուշի մարզում ամբողջ թափով շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Լիարժեք գործում է Արտակարգ իրավիճակների նախարարության ծավալած վրանային օպերատիվ շտաբը: Այն ղեկավարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Երեկ փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել«ՎԱԶ-2106» մակնիշի 18 ՕԼ 584 պետհամարանիշով ավտոմեքենան: Մինչ այդ կտրող սարքի միջոցով բացվել էր ավտոմեքենայի թափքի վերնամասը, և այնտեղ մարդ չէր հայտնաբերվել: Հենց այս մեքենայում էր գտնվել անհետ կորած` Լճկաձոր գյուղի բնակիչ Նորայր Միրզոյանը: Հաղորդվում է, որ կորածների ցանկում փոփոխություն չկա, նրանք 5-ն են:
Նշենք, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատնից ահազանգ էր ստացվել, որ հողաշերտի տակ հայտնված մեքենաների մեջ կարող է գտնվել սև «Մերսեդես-E» մակնիշի IQI 2002 պետհամարանիշի ավտոմեքենա: Երեկ ժամը 20-ի սահմաններում փրկարարները հողաշերտի տակ հայտնաբերել են այդ ավտոմեքենան: Տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի դեսպանատուն:
Այս պահին սողանքային գոտու վեց տեղամասերում որոնողափրկարարական աշխատանքների մեջ ներգրավված են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներներ և զինծառայողներ:








































