«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ ՀԱԿ-ի ղեկավարի ելույթում կա հակասությունների թնջուկ: Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը մեկ ասում է, որ իրենք երբևէ չեն հավատացել երկխոսությանը, իսկ շուրջօրյա հանրահավաքներ հայտարարելուն զուգահեռ՝ ասում է, որ իրենք, միևնույն է, գնալու են երկխոսության. «Ինձ համար հասկանալի է այս ամենը` փորձ է արվում պահել ընտրազանգվածը մինչև տարեվերջ, երբ կսկսվի բուն նախընտրական փուլը, և ՀԱԿ-ը, հայտարարելով, թե իշխանություններն այդպես էլ չգնացին երկխոսության ճանապարհով, կմտնի նախընտրական փուլ»:
Խոսելով սեպտեմբերի 30-ի հանրահավաքում բոլոր ուժերի՝ ՀԱԿ-ի պայքարին միանալու վերաբերյալ Լևոն Զուրաբյանի առաջարկի մասին՝ Հակոբյանը նշեց, որ դա իր համար առաջարկություն չէր. «Այն, որ հարթակից հայտարարվում է, թե՝ եկեք, միացեք, եթե նույնիսկ մեզ չեք համակրում, ավելի ճիշտ՝ մի օրինակ է, թե ինչպես կարելի է առաջարկություն չանել: Չեմ կարծում, որ իրեն հարգող որևէ քաղաքական ուժ կարող է գնալ միանալ ՀԱԿ-ին նման առաջարկության դեպքում»:
«Ժառանգության» փոխնախագահը նկատեց, որ առաջարկն ունենում է արարողակարգային որոշակի նորմեր, իսկ Զուրաբյանի առաջարկը չէր համապատասխանում այդ նորմերին:
Ըստ Հակոբյանի՝ եթե ինչ-որ ուժեր միանան ՀԱԿ-ին, և լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա դրանից պետությունն ու ժողովուրդը չեն շահի: Նրա կարծիքով՝ այս դեպքում կբավարարվեն ՀԱԿ-ի ամբիցիաները, և նա մի քանի տեղ կունենա խորհրդարանում, ու նաև ՀՀԿ-ի համար դա շահավետ կլինի:
Հարցին, թե ՀԱԿ-ի՝ վճռական գործողություններ սկսելու պահը արդյոք չէ՞ր համընկնում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունների հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ինձ համար ամեն ինչ պարզ է` Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի ամբողջ մեղավորությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, ինչն էլ նրանց համար հնարավորություն կստեղծի միասին գործելու, և իշխանությունը կկարողանան միասին ձևավորել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ ներողամտորեն կվերաբերվի Սերժ Սարգսյանին»:
Հակոբյանը, սակայն, նշեց, որ Սերժ Սարգսյանը երբեք այդ քայլին չի գնա, քանզի, թեև Քոչարյանի և Սարգսյանի միջև այսօր կան որոշակի հակասությունները, բայց դա դեռ չի նշանակում, որ Մարտի 1-ով Սերժ Սարգսյանն ամբողջությամբ կարող է համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ ու ամբողջ մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա:








































