Հոկտեմբերի 3-9-ը Հայաստանում ռուսական խոսքի օրեր են: Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում տեղի է ունենում «Ռուսական խոսքի օրեր Հայաստանում» միջոցառումը, որը կրում է «Ռուսերենով ենք մենք ապագային շաղկապված» խորագիրը: Ռուսական խոսքի օրերը նվիրված են ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին և անցկացվում են Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Այսօր երեկոյան Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է ունենալու ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում են թեմատիկ օրեր, «ռուսական ժամ» խորագրով բաց դասերի շարք՝ դպրոցներում, որոնց կմասնակցեն հասարակական-քաղաքական գործիչներ, լինելու է համերգ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ:
Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեցին ծրագրի նախաձեռնող խմբի անդամները և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ով տեղեկացրեց, որ շատ հետաքրքրական են ռուսական խոսքի օրերը Հայաստանում: «Այս ավանդական դարձած միջոցառումն առաջարկվել է Վիկտոր Կրիվոպուսկովի կողմից: Ամեն սեպտեմբեր իրականացվում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում, ծրագիրը շատ հետաքրքիր է լինելու: Հոկտեմբերի 7-ին տեղի է ունենալու մեծ համերգ` նվիրված անկախությանը»,- ասաց Ա. Սամուելյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում ծրագրից խոսեց նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ով կարևորեց այս օրերի անցկացումը Հայաստանում, քանի որ վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ բնակչության 94%-ը ցանկանում է, որ իր երեխան ռուսերենին տիրապետի: Այս միջոցառումը Կրիվոպուսկովը կարևորեց նաև տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործոկցության առումով : «Կանցկացվեն թեմատիկ օրեր, որոնց ընթացքում լինելու են տվյալ թեմային բնորոշ միջոցառումներ»,- նշեց Կրիվոպուսկովը:
Ըստ նրա` երկու երկրների համագործակցությունն ամրապնդող այս միջոցառումը, այս ակցիան աննախադեպ է ԱՊՀ երկրների տարածքում և մասնակցելու է նաև ռուսական պատվիրակությունը:








































