News Georgia-ի փոխանցմամբ՝ Վարշավայում գտնվող Վրաստանի փոխարտգործնախարար Թոռնիկե Գորդաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանը կոնկրետ արդյունքներ է ակնկալում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից. «Գագաթնաժողովից մենք հստակ ազդանշաններ ենք ակնկալում՝ Վրաստանի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին։ Մենք սպասում ենք կոնկրետ ժամկետների հայտարարություններին, թե երբ են մեկնարկելու այդ մասին բանակցությունները։ Վրաստանը համարվում է «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված ամենահաջող երկրներից մեկը»։
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը Վարշավայում մեկնարկում է այսօր։ Դրանում վրացական կողմը ներկայացնելու է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։