Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունները փոխել են Ֆրանսիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) կազմը։ Այժմ դրանում մեծամասնություն են կազմում ձախ կուսակցությունների ներկայացուցիչները։
Իսկ դա կարող է նպաստել հերթական անգամ Սենատի օրակարգում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդգրկվելուն, քանի որ նախորդ դեպքերում հենց ձախերն են մշտապես քվեարկել օրինագծի օգտին։
Սոցիալիստ սենատոր, Սոցիալիստական կուսակցությունից նախագահական թեկնածու Ֆրանսուա Հոլլանդն արդեն հայ համայնքին հայտարարել է, որ պատրաստվում է Սենատի օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Նա հուսով է, որ այս անգամ իրավիճակն ավելի բարենպաստ կլինի։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին Ֆրանսիայի Սենատը երեք ժամ տևած քննարկումներից հետո մերժեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Քվեարկության ժամանակ 196 սենատոր դեմ էր քվեարկել դրան, 74-ը՝ կողմ, իսկ 20-ը` ձեռնպահ: Արդյունքում, այդ նախագիծը դուրս մնաց Սենատի օրակարգից:
Այդ օրինագծի հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին կսպառնար մինչև 5 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք:
Ի դեպ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունվել են 1998, 2000 և 2001 թվականներին: Իսկ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատն ընդունեց (Հոլոքոսթի նման) Հայոց ցեղասպանությունը մերժողներին պատասխանատվության ենթարկելու օրինագիծը, որը ցայժմ չի վավերացվել Սենատի կողմից:







































