Դանիական «Ռամբոլ» միջազգային խորհրդատվական ընկերության տեխնիկական աուդիտի տվյալները «Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեության 5-րդ տարվա վերաբերյալ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում ներկայացրեց «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրերի կառավարման և իրավաբանական հարցերով տնօրեն Արտակ Մալխասյանը:
«Երևան Ջուր» ընկերության համար Վարձակալության պայմանագրով սահմանվել են հետևյալ 4 հիմնական նպատակները` ջրամատակարարման շարունակականություն, 200 մմ և ավելի տրամագծով ջրագծերի վթարների արձագանքում, ջրի որակի ապահովում, գրավոր դիմում-բողոքների արձագանքում:
Պայմանագրի ընդհանուր վերահսկումն իրականացվում է ոչ միայն Վարձատուի կողմից ընտրված անկախ միջազգային աուդիտորական կազմակերպության միջոցով: Ընկերության գործունեությանը ներկայացվող պահանջները ներառված են Ջրային համակարգերի օգտագործման թույլտվության մեջ, որի մասով վերահսկումն իրականացվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Աուդիտորական ընկերության գնահատականով` «Երևան Ջուր» ընկերությունը լիարժեք կատարել է իր պայմանագրային պարտավորությունները:
Պատասխանելով այն հարցին, թե ինչից են գալիս բնակչության բողոքները, Արտակ Մալխասյանը պատասխանեց. «Բնակչության բողոքները բազմաթիվ են, սակայն դրանց հիմնական մասը վերաբերում է ներքին ցանցերին, ինչը «Երևան Ջուր» ընկերության իրավասություններից դուրս է»:









































