Ժողովրդական կուսակցության առաջնորդ, նորաստեղծ «Ազգային ճակատի» ղեկավար Տիգրան Կարապետյանն այսօր ճակատի հերթական համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց, որ Ազգային ճակատը լինելու է այն այլընտրանքը, որն այսօր պետք է ժողովրդին: Նա նկատեց, որ իրենց համաժողովը նպատակ ունի համախմբել Հայաստանում առկա «առողջ ուժերին և ազգային տարրերին»:
Նկատենք, սակայն, որ Ազգային ճակատում քաղաքական ուժեր չկան, այլ համախմբվել են մի քանի հասարակական կազմակերպություններ: Քաղաքական ուժերի բացակայությունը Կարապետյանը բացատրեց նրանով, որ ինքն այսօր չի տեսնում այն ուժերին, որոնք «ժողովրդի կամքով են հասել հաջողության»:
Հարցին, թե քանի՞ կազմակերպություն է մտնում Ազգային ճակատի մեջ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Մենք հատով չենք հաշվում, ոչ էլ դաստով»:
Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը ակնարկելով՝ Տիգրան Կարապետյանը նշեց, որ չպետք է փոխել քաղաքական հայացքները. «Մեկ թաթարամոնղոլներ, մեկ կառուցողական: Մենք պետք է լինենք սկզբունքային, հասանելի ժողովրդին եւ ամենակարեւորը` վստահելի, որն այսօր չկա: Մեր պահվածքը երկար ժամանակաշրջանում եղել է ի նպաստ ժողովրդի, վնաս մենք չենք տվել, մենք չենք ունեցել մենաշնորհ, չենք ունեցել իշխանական լծակներ, մենք դրսի ուժերին չենք ենթարկվել, մենք այլընտրանք ենք ժողովրդի համար»:
Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին Ազգային ճակատը հանրահավաքային շարք կսկսի, կլոր սեղաններ կկազմակերպեն այն քաղաքական ուժերի հետ, որոնք, նրա խոսքերով, պատրաստ են կտրուկ քայլերի, ոչ թե անընդհատ ասում են`«մի օր մնաց, քսան օր մնաց»:
Հարցին, թե արդյոք ակնկալվում է, որ առաջիկա հանրահավաքներն էլ հունվար-փետրվար ամիսների հանրահավաքների նման մարդաշատ կլինեն, Ազգային ճակատի ղեկավարը պատասխանեց. «ՀԱԿ-ի հանրահավաքներն էլ էին մարդաշատ, հիմա քիչ են, ժողովուրդը կտրուկ քայլեր է պահանջում, ժողովուրդը ոչ թե ցանկանում է խաղաքարտ լինել, այլ գործոն, ժողովուրդը հիասթափվել է»:
Կարապետյանը նաև ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ազգային ճակատը մասնակցելու է:








































