Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջին տարբերակը ունի 17 կետ, որից 13-ը ըստ էության համաձայնեցված է: Նա նշել է, որ Երեւանը Բաքվին առաջարկում է որպես խաղաղության պայմանագիր ստորագրել համաձայնեցված կետերը, իսկ մյուս կետերի վերաբերյալ՝ շարունակել աշխատանքը: Սա կարծես թե Երեւանի «պատասխան» առաջարկն է Ադրբեջանի առաջարկին՝ «շրջանակային պայմանագրի» վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, Ալիեւն էլ բարձրաձայնում է, թե, քանի որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը կպահանջի շատ ժամանակ, արժե մինչեւ տարեվերջ ստորագրել հիմնարար սկզբունքների մասին շրջանակային համաձայնագիր, հետո շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա: Երեւանին ըստ ամենայնի չի գոհացնում այդ տարբերակը, թերեւս այն պատճառով, որ հիմնարար սկզբունքների արձանագրումը մեծ հաշվով վերացականություն է եւ չի պարունակում իիրավիճակի կառավարման, կայունության անգամ փույլ, համեստ երաշխիքներ:
Այդ իսկ պատճառով Հայաստանն ըստ ամենայնի առաջարկում է, որ ստորագրվելիք փաստաթուղթը պարունակի հստակ կետեր եւ լինի խաղաղության համաձայնագիր, ինչը իհարկե չի կարող լինել հուսալի երաշխիք, սակայն կապահովի դրա հանդեպ պատասխանատվության այլ աստիճան: Սակայն բարդ է պատկերացնել, որ Բաքուն կհամաձայնի պատասխանատվության ավելի բարձր աստիճան ենթադրող փաստաթղթի ստորագրության, քանի դեռ ապավինում է ուժային գործոնին եւ ակնկալում դրա միջոցով Երեւանից կորզել զիջումներ: Փաշինյանի մյուս առաջարկը, որ իհարկե անուղղակի առաջարկ է, վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանին Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ հանդիպում ունենալ հայ-ադրբեջանական սահմանին: Գործնականում դժվար է պատկերացնել, որ Երեւանն ու Բաքուն կարող են երկկողմ ձեւաչափը «ինքնուրույն» զարգացնել այդ աստիճանի: Կան դա ըստ էոււթյան գրեթե բացառող բազմաթիվ թե երկկողմ, թե միջազգային գործոններ: Ըստ այդմ, սահմանին հանդիպման գաղափարը կարող է իրագործելի լինել այն պարագայում, երբ գործնական մակարդակում, թեկուզ ոչ ֆորմալ, սակայն լինի որեւէ երրորդ կողմի աջակցություն:
Վերջին հաշվով, որքան էլ խոսվում է Հայաստան-Ադրբեջան այսպես ասած առանց միջնորդ ձեւաչափի մասին, դե ֆակտո մակարդակում բացառել երրորդ կողմերի ներգրավվածության այս կամ այն աստիճանը, ըստ էության կնշանակի բացառել, որ երրորդ կողմերը ունեն Կովկասին առնչվող ռազմավարական շահեր, կամ համարել, որ Երեւանն ու Բաքուն ունեն այնքան ուժ եւ ներուժ, որ կարողանան մի կողմ «հրել» այդ կողմերին իրենց այդ շահերով հանդերձ: Հայաստանն ու Ադրբեջանը թե առանձին առանձին, թե միասին՝ անշուշտ հեռու են այդ կարողությունից, ըստ այդմ, Ադրբեջանի արձագանքից զատ հարց է, թե արդյո՞ք որեւէ երրորդ կողմի հետաքրքրելու է հայ-ադրբեջանական սահմանին Փաշինյան-Ալիեւ հանդիպման միտքը:









































