Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում ընդունել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Օկտայ Ասադովին։
Հանդիպման ժամանակ Գյուլն իր գոհունակությունն է հայտնել եղբայրական երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ։ Ընդգծելով երկկողմանի կապերի զարգացման մեջ Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևի թուրքական այցերի և Թուրքիայի ղեկավարության ադրբեջանական այցերի դերը՝ Գյուլը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները հետագայում նույնպես ամրագրվելու են։
Այդ համատեքստում Գյուլը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև միջազգային ու տարածաշրջանային հարցեր։ Դա մասնավորապես վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Հիշեցնենք, որ հենց երեկ Ասադովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր իր թուրք գործընկեր Ջեմիլ Չիչեքի հետ։










































