Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro-ին հարցազրույց է տվել, որտեղ ասում է, որ Ադրբեջանից սեպտեմբերի 19-ին «թուղթ էր ստացվել, որով Ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ Արցախի ժողովուրդը հրաժարվում է իրավունքներից, ինքնիշխանությունից եւ խորհրդանշաններից»: Նա մասնավորեցնում է, որ այդ փաստաթուղթը պետք է քվեարկվեր Ազգային ժողովում, ինքը հակընդդեմ առաջարկություն է արել եւ իր վրա վերցրել Արցախի լուծարման պատասխանատվությունը: «Դա համեմատաբար անվտանգ տարհանման երաշխիք էր: Ես շատ լավ գիտեի, որ այդ փաստաթուղթը եղել է անօրինական եւ հակասահմանադրական, քանի որ այն պետք է վավերացվեր Արցախի Հանրապետության օրինական կառույցների կողմից, բայց դա միակ միջոցն էր, որ կարող էր փրկել իմ հայրենակիցներին»-ասել է Սամվել Շահրամանյանը:
Եթե իրավիճակը ռետրո-հայացքով վերականգնենք, ապա Արցախից «տարհանումն» սկսվել է 2023թ. սեպտեմբերի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «լուծարման մասին» հրամանագիր Սամվել Շահրամանյանն ստորագրել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 28-ին: Հարց է առաջանում՝ եթե նրա հրամանագիրը «հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր»-ինչպես ինքն է պնդում, ապա չորս օր ինչպե՞ս է կազմակերպվել բնակչության «տարհանումը»: Ադրբեջանական կողմը վստահա է եղել, որ Սամվել Շահրամանյանը ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագի՞ր է ստորագրելու, թե այն ստորագրվել է սեպտեմբերի 20-ի՞ն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու եռակողմ՝ Ադրբեջան-ՌԴ զորախմբի հրամանատարություն-Սամվել Շահրամանյան հայտարարության հետ միասի՞ն-համաժամանկյա՞:
Սամվել Շահրամանյանն ինչու՞ է Արցախի հայաթափակումից վեց ամիս անց խոսում Բաքվից «ստացված թղթի» մասին, որ պետք է քննարկվեր Ազգային ժողովում: Ընդհանուր բնորոշումը, որ այն «պահանջում էր Արցախի իրավունքներից, ինքնիշխանությունից եւ խորհրդանշաններից հրաժարում»՝ դեռեւս քիչ բան է ասում դրա բովանդակության մասին: Ինքնիշխանությունից եւ պետական անկախությունից հրաժարումը ֆորմալ առումով չի նշանակում հրաժարում ազգային, վարչա-տարածքային եւ քաղաքական սուբյեկտությունից: Քանի դեռ Բաքվից «ստացված թուղթը» հրապարակված չէ, բայց է մնում մի սկզբունքային հարց. Ադրբեջանը գրավոր ներկայացրե՞լ է հայ բնակչության «տարհանման» պահանջ: Եթե չի ներկայացրել, ապա իր հայրենիքում նրա ապրելու եւ ազատ կենսագործունեության ի՞նչ երաշխիքներ է առաջարկել կամ չի առաջարկել:
Սամվել Շահրամանյանը նախագահ է ընտրվել Ազգային ժողովի քսաներկու պատգամավորի քվեով, նա առաջնային մանդատով օժտված՝ պետության առաջնորդ չէր, ուստի ցանկացած քայլ պարտավոր էր քննարկել խորհրդարանում կամ՝ առնվազն քաղաքական այն ուժերի հետ, որ նրան նախագահի թեկնածու էին առաջադրել եւ օժտել պետության ղեկավարի լիազորություններով: Շահրամանյանի ասածից հասկացվում է, որ նա մտավախություն է ունեցել, որ Ազգային ժողովը «իրավունքներից, ինքնիշխանությունից եւ խորհրդանշաններից հրաժարվելու»՝ Բաքվից «ուղարկած թուղթը» չէր քվեարկի, ուստի ինքը միանձնյա պատասխանատվություն է ստանձնել:
Բաքվի «թուղթը» ե՞րբ, ու՞մ միջոցով եւ ու՞մ անունով է ստացվել: Սամվել Շահրամանյանը «հազկերտյան գիրը» ներկայացրե՞լ է Ազգային ժողովին, քաղաքական ուժերի հետ քննարկե՞լ է, նրանք ընդդիմացե՞լ են՝ հարցեր են, որ առկա իրավիճակում, գուցե, էական նշանակություն չունենային, եթե Արցախի նախագահը ֆրանսիական հեղինակավոր պարբերականին ասած չլիներ, որ ռազմական գործողությունները դադարելուց հետո արցախցիները «խնդրել են կազմակերպել Հայաստան տարհանումը»: Ֆրանսիան, թերեւս, միակ երկիրն է, որ հրապարակային վիճարկում է Ադրբեջանի պաշտոնական նարատիվը, որ «Ղարաբաղի հայերը կամավոր են հեռացել»: Սամվել Շահրամանյանն ասում է, որ «տարհանվելու խնդրանք» արցախցիները ներկայացրել են՝ զգուշանալով թշնամու կողմից զանգվածային սպանություններից:
Ճգնաժամային իրավիճակում, իհարկե, ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ այդպես չի լինելու: Չափազանց մեծ է հավանականությունը, որ Բաքուն բռնագաղթի եւ զանգվածային սպանությունների այլընտրանք է ներկայացրել, բայց ինչու՞ է Սամվել Շահրամանյանը չափազանց զգուշավորություն ցուցաբերում: Նրան հարցրել են նաեւ Բաքվում բռնությամբ պահվող՝ Արցախի նախկին նախագահների եւ մյուս պաշտոնյաների մասին: Շահրամանյանը պահանջում է նրանց եւ գերեվարված եւս յոթ անձանց անհապաղ ազատ արձակել: Բաքուն պայմանավորվածությունների ինչ-որ կետ խախտե՞լ է, շարունակում է խախտե՞լ: Հաջորդ հարցազրույցին նոր ի՞նչ է ասելու Սամվել Շահրամանյանը:









































