«Անկախությունը կանանց աչքերով» թեմայի շրջանակներում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Հեղինե Բիշարյանը նշեց, որ անկախությունը գնահատելու համար նախ պետք է հիշենք, թե քսան տարի առաջ ինչ ունեինք և այսօր ինչ ունենք: Նա բարձր գնահատեց բանակը, դպրոցը, Սահմանադրությունը, մշակույթը և կրոնը: Ավելին` նկատեց, որ իր առաջնեկը անկախացման օրերի ծնունդ է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անկախության հանդեպ վերաբերմունքը չի բաժանվում «կնոջ և տղամարդու հայացքների»: Նրա խոսքերով` մենք «տրանզիտային, մանուկ ժողովրդավարության» երկիր ենք, և դրան բնորոշ բոլոր դժվարությունները պետք է հաղթահարենք, իսկ անկախությունը պահելը ամուր ժողովրդավարության հենքն է: «Երբ այսօր ոտքով իջնում էի` լսելով մեր համաքաղաքացիների կարծիքը, երբ մենք ունենք բազում չլուծված, ժողովրդավարական ռեֆորմների խնդիրներ, քաղաքացիները հարց տվեցին` եթե այսօր կրկին դրվեր անկախության ռեֆորմների խնդիրը կրկին 99 տոկոսը «այո» կքվեարկե՞ր: Պատասխանը միանշանակ է` այո: Քաղաքացին քվեարկելու է անկախության օգտին: Եվ յուրաքանչյուրիցս է կախված, թե որքանով կպահենք մեր անկախությունը»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը, որպես նախկին լրագրող, խոսեց նաև չորրորդ իշխանության մասին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ տասը տարեկան Հայաստանը մեկ այլ երկիր էր, քսան տարեկան Հայաստանը` մեկ այլ, և վստահություն հայտնեց, որ երեսուն տարի հետո Հայաստանը շատ դժվարություններ արդեն հաղթահարած կլինի:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համեմատությանը, ապա, ըստ պատգամավորների դիտարկումների, թե՛ խոսքի ազատության, թե՛ դեմոկրատիայի առումով այս երկու երկրները անհամեմատելի են` հօգուտ Հայաստանի, չնայած, որ մենք չենք կարող Ադրբեջանի և Վրաստանի հնարավորությունների հետ համեմատվել:









































