Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Բուրաք Աքչափարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը: ՌԴ ԱԳՆ հայտնում է, որ «կողմերը համադրել են Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետները» եւ շեշտել հայ-ադրբեջանական կապերի կարեւորությունն ու դրանց առաջին հերթին ռեգիոնալ ձեւաչափերի շրջանակում աջակցելը:
Այս ձեւակերպումը ուշագրավ է նրանով, որ Թուրքիայի նույն փոխարտգործնախխարար Աքչափարը հինգ օր առաջ Վաշինգտոնում էր հայ-ադրբեջանական հարցերն ու Կովկասի իրաղրությունը քննարկել՝ ԱՄՆ փոխպետքարտուղաև Քեմբելի հետ հանդիպմանը: Թուրքական պատվիրակությունը Վաշինգտոնում էր արտգործնախարար Ֆիդանի գլխավորությամբ, որը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպումից հետո մեկնեց Վաշինգտոն՝ պետքարտուղար Բլինքենին հանդիպելու համար, թուրք-ամերիկյան ռազմավարական երկխոսության ձեւաչափի շրջանակում:
Այդ ձեւաչափի նիստից հետո հայտարարվեց, որ ԱՄՆ ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ աշխատել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ: Այժմ փոխարտգործնախարար Աքչափարը զրույց է ունենում Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ: Թուրքիան յուրօրինակ «կամու՞րջ» է կազմում Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ, թե՞ պարզապես ավանդական հաջող առեւտուրն է իրականացնում Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ, խաղալով նրանց աշխարհաքաղաքական դիմակայության վրա: Ընդ որում, մեկը մյուսին չի էլ բացառում, այսինքն «կամուրջն» ինքնին կարող է լինել երկու ուղղությամբ հաջող առեիտրի մի ձեւաչափ, բանաձեւ, թեկուզ պայմանական կամ հարաբերական:
Իհարկե հնարավոր է նաեւ, որ Անկարան այդուհանդերձ ունի բարդություններ, որովհետեւ մի կողմից չի կարող իրեն դնել արեւմտյան բլոկից լիովին դուրս, մյուս կողմից այդ բլոկում իր կշիռը զգալիորեն ձեւավորվում է նաեւ ռուսների հետ կառուցած հարաբերության շնորհիվ: Մոսկվային հնարավոր է անհանգստացրել է հայտարարությունը, որ Անկարան Վաշինգտոնի հետ աշխատելու է համատեղ, եւըստ ամմենայնի հենց դրա համար է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը շեշտում ռեգիոնալ ձեւաչափերի առաջնայնությունը: Բոլոր դեպքերում ակնառու է, որ ծավալվում է բավականին բարդ եւ բազմաշերտ խաղ, ինչն առավել ակնառու է դարձնում, թե որքան ժամանակավրեպ ռեժիմում է գտնվում Հայաստանի հանրային-քաղաքական «դիսկուրսը»՝ թե իր բանաձեւերով, թե՝ բովանդակությամբ:









































