ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի օրակարգում ներառվել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի» և «ՎՈւԱՄ դաշինքի անդամ երկրների տարածքներում (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շարունակվող հակամարտությունների ազդեցությունը միջազգային անվտանգության և զարգացման վրա» հարցերի քննարկումը: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը, որտեղից հայտնել են նաև, որ այս հարցերը քննարկվելու են «Միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման մասին» թեմայի շրջանակներում:
Regnum-ը նշում է, որ Ադրբեջանի ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Ինչպես նախորդ նստաշրջանների ժամանակ, այս անգամ նույնպես, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հայտնել է իր անհամաձայնությունը «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակ» ձևակերպմանը, դառնալով ՄԱԿ-ի անդամ միակ երկիրը, որը չի սատարել այս կետի քննարկումը Գլխավոր ասամբլեայում»:







































