Թուրքական Euractiv կայքի փոխանցմամբ՝ Կիպրոսը Միջերկրական ծովում, իր բացառապես տնտեսական գոտում, տեղակայել է հետախուզա-հորատման սարքավորում։
Չնայած այդ հարցում պաշտոնական Անկարայի բողոքներին ու սպառնալիքներին, Կիպրոսը պաշտոնապես նավթի ու գազի հետախուզական աշխատանքներ է սկսում։ Հորատման աշխատանքները մեկնարկելու են սեպտեմբերի 21-ին, դրանք իրականացնելու է ամերիկյան Noble Energy ընկերությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե ամերիկյան Noble Energy ընկերությունը պլանավորել է հոկտեմբերի 1-ին հորատման աշխատանքներ սկսել «Բլոկ-12» գազային հանքավայրում, որը գտնվում է Իսրայելի ու Կիպրոսի բացառապես տնտեսական գոտում։
Այս կապակցությամբ թուրք պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հանդես էր եկել Կիպրոսի հանդեպ ակնհայտ սպառնալիքներով՝ հայտարարելով, որ եթե «Բլոկ-12»-ում հորատում սկսվի, Թուրքիան դրան ռազմական պատասխան կտա.
«Մեր ռազմանավերը կտեղակայվեն տվյալ տարածաշրջանում։ Հենց դրա համար ենք մենք ստեղծել հզոր բանակ և հենց դրա համար ենք մարզում մեր զինվորներին։ Նրանք չեն կարող հորատում անցկացնել այն վայրում, որը չի պատկանում իրենց»։
Սա քննադատության էր արժանացել Հունաստանի ու ԵՄ կողմից, որոնք Թուրքիային կոչ էին արել դադարեցնել Կիպրոսին հասցեագրված սպառնալիքները։








































