Կրթության ու գիտության նախարարությունը առաջարկում է դպրոցներում դասավանդվող հայոց պատմությունը վերանվանել Հայաստանի պատմություն, հիմնավորելով դա Հանրակրթական պետական ծրագրի ինչ ինչ կետային անհամաչափություններ համաչափ դարձնելու նպատակով: Իսկ «զարգացումը» օրեր առաջ ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե այդպիսի առաջարկ է անում պատմության մասնագետների խումբ:
Պատմության մասնագետների խումբը թերևս զբաղվում է իր մասնագիտությամբ, թեև հայտնի չէ, թե այդ ինչ խումբ է, ովքեր են այդ խմբի կազմում, եւ ինչու՞ են որոշել ժամանակ տրամադրել դասավանդվող պատմություն առարկայի անվանափոխության համար, այն դեպքում, երբ գուցե կան առավել առարկայական անելիքներ: Այն, որ պետական համակարգում կան այդպիսի բազմաթիվ անելիքներ, այսպես ասած՝ մինչ պատմություն առարկայի անվանմանը հասնելը, կասկածից վեր է:
Պատմության մասնագետները կարող են առաջարկել շատ անվանափոխություններ, բայց, երբ այդ հարցը հասնում է ընդհուպ պետության դե ֆակտո առռաջին դեմքին եւ արժանանում նրա գնահատականին, ազդարարվում նրա միջոցով եւ մի քանի օր անց էլ փաստացի պաշտոնապես դրվում շրջանառության մեջ, ապա հարց է առաջանում՝ այս ինչո՞վ է զբաղված Հայաստանը: Ինչո՞վ է զբաղված մի պետություն, որի անվտանգային միջավայրում իրավիճակի ապակայունացման ռիսկերը գեներացվում են՝ եթե ոչ օրեցօր, ապա առնվազն շաբաթների հաշվարկով:
Ինչո՞վ է զբաղված պետությունը, որին օրվա թերեւս 24 ժամն անգամ պետք է բավարար չլիներ պետական դիմադրունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ թե ռազմական, թե տնտեսա-քաղաքական, քաղաքացիական մի շարք ուղղություններով աշխատանք տանելու, հանրային կարողությունների առավելագույն մոբիլիզացիային ուղղված միջավայր ձեւավորելու համար: Մինչդեռ, օրինակ վեր է կասկածից, որ պատմության առարկայի անվանափոխությունը, եթե անգամ դա չի ենթադրելու բովանդակային եւ ոչ մի փոփոխություն, դառնալու է ներհասարակական կյանքում բաժանարար գծերի խորացման նոր ազդակ, բերելով նաեւ ներքաղաքական տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների նոր ալիք:
Թե՞ հենց դա է այդօրինակ նախաձեռնությունների նպատակը՝ ապահովել հանրությանն այդպիսի ալիքներով, որպեսզի հասարակական-քաղաքական կյանքը գործնականում որեւէ կերպ հիմնարար ձեւով դուրս չգա այն առանցքային «ալիքի» վրա, որտեղ գտնվում են պետության համար կարեւորագույն օրակարգային հարցեր: Կա՞ ուշադրությունը դրանցից շեղելու, հանրությանն անընդհատ «երկրորդական» տեսարանային հարցերով զբաղեցնելու հաշվարկ, որը իրականացվում է բավականին հմտորեն՝ օգտագորխելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած առատ հնարավորությունները եւ ծածկելով պետական հարցերում լրջմիտ օրակարգեր մշակելու եւ սպասարկելու կարողության կամ ցանկության սղությունը:









































