Նորվեգիայի ափերի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Nordlys զբոսանավի վրա, որը պատկանում է Hurtigruten ընկերությանը: Հրդեհի բռնկման պահին նավի վրա էին 227 ուղևորներ, ինչպես նաև անձնակազմի 55 անդամները: Մոտ 100 ուղևորներ տարհանվել են փրկանավակներով, մյուսներն իջել են Օլեսուն նավահանգստում, ուր բերվել է նավը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ զոհվել է 2 մարդ, ևս 5-ը վիրավորվել են: Նորվեգական լրատվամիջոցները հաղորդում են, որ Օլեսունում նավն ավելի ուժեղ է սկսել այրվել, որի ծուխը պատել է քաղաքը: Քաղաքային իշխանությունները կոչ են անում փակել պատուհաններն ու օդափոխիչ համակարգերը: Ավելի ուշ քաղաքի որոշ շրջաններից կատարվել է տարհանում: