Ռուսաստանի ֆուտբոլային միությունը գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այս մասին հաղորդում է lifesports.ru-ն:
Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող թիմերի քանակը շուտով կարող է ավելանալ. այնտեղ կարող են հայտնվել հայկական ակումբներ: ՌՖՄ և ՀՖՖ նախագահներ Սերգեյ Ֆուրսենկոն և Ռուբեն Հայրապետյանը ակտիվ բանակցություններ են վարում այդ նախագծի իրականացման շուրջ:
Աղբյուրի տվյալներով` գոյություն ունի նախագիծն իրականացնելու 2 տարբերակ: Դրանցից մեկի համաձայն` Հայաստանի առաջնությանը մասնակցող ակումբը կտեղափոխվի Ռուսաստանի առաջնություն (առաջին դիվիզիոն):
Մյուս տարբերակը` նոր ակումբի ստեղծումն է, որը կիրականացվի ռուսաստանաբնակ հայ գործարարների միջոցներով: Նշվում է, որ մի շարք պոտենցիալ ներդրողներ արդեն տվել են իրենց համաձայնությունը:
Կայքը հաղորդում է, որ ՌՖՄ-ն հրաժարվել է մեկնաբանել գաղտնի նախագծի մասին լուրը, իսկ ՀՖՖ-ն հաստատել է, որ կողմերը քննարկում են նախագծի մանրամասները:
«Ես իրավասու չեմ այդ հարցը քննարկել, քանզի այդ նախագծի մանրամասները, դրա իրագործման հնարավորությունն ու ժամանակահատվածը քննարկում են մեր ֆեդերացիաների ղեկավարները` Սերգեյ Ֆուրսենկոն ու Ռուբեն Հայրապետյանը»,- ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մինասյանի խոսքերն է մեջբերում lifesports.ru-ն:







































