YouTube-ում կայացել է Էմի Ուայնհաուսի վերջին ձայնագրության շնորհանդեսը: Body and Soul երգը, որը երգչուհին ձայնագրել է ամերիկացի հայտնի կատարող Թոնի Բենեթի հետ, կայքում հայտնվել է այսօր` սեպտեմբերի 14-ին` Ուայնհաուսի ծննդյան օրը:
Body and Soul երգի վրա աշխտանքները տարվել են 2011 թ. մարտին Լոնդոնի Abbey Road ստուդիայում: Երգը ներառվել էր Բենեթի Duets II ձայնասկավառակում, որտեղ, բացի Ուայնհաուսի հետ դուետից, կարելի է լսել նաև Լեդի Գագայի, Մայքլ Բուբլեյի, Արետա ֆրանկլինի և ուրիշների հետ կատարումները: Body and Soul երգի օրիգինալ ձայնագրումը եղել է 1930 թ.: Երգի հեղինակներն են Էդվարդ Հեյմանը, Ռոբերտ Սաուրը, Ֆրանք Էյթոն և Ջոննի Գրինը:
Բացի նոր երգի շնորհանդեսից՝ սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել նաև Էմի Ուայնհաուսի անվան հիմնադրամի ստեղծումը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ֆոնդի հիմնադրումը տեղի է ունեցել՝ չնայած նրա անվանման գրանցման հետ կապված դժվարություններին:
Երգչուհու հոր` Միտչ Ուայնհաուսի խոսքերով՝ Amy Winehouse Foundation կազմակերպությունը զբաղվելու է օգնության կարիք ունեցող երիտասարդներին աջակցելով, այդ թվում՝ թմրադեղերից և ալկոհոլից կախվածություն ունեցողներին օգնություն ցուցաբերելով:
Էմի Ուայնհաուսը մահացել է հուլիսի 23-ին: Էմիի մարմինը հայտնաբերվել է նրա լոնդոնյան բնակարանում: Չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 14-ին, նա կդառնար 28 տարեկան:








































