Մոսկվա կատարած այցից առաջ ռուսական Московские новости թերթին տված հարցազրույցում ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, հայտնի լեհ դիվանագետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի տեղակալ Ադամ Կոբերացկին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մեզ լրջորեն մտահոգում է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը։ Միայն այս տարի գրանցվել է մահացու ելքով ավելի քան 20 դեպք։ Առանձնահատուկ տագնապ են հարուցում քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված զոհերի մասին հաղորդագրությունները։
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ կողմերին կոչ արեց շփման գծից հեռացնել դիպուկահարներին։ Ես ցավում եմ, որ կողմերը ցայժմ չեն իրագործել շփման գծում գրանցված միջադեպերի հետաքննման վերաբերյալ այս տարի Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը։
Կարծում եմ, որ շատ կարևոր է կողմերի վրա ճնշում գործադրելը, ինչի համար էլ ողջունում եմ Ռուսաստանի նախագահի անձնական մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին աջակցելու գործում»։







































