US Open-ի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պարտության մատնեց երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին և իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Առաջին սեթի սկզբում Ռաֆան նախ հաղթեց իր մատուցումը, ապա բրեյք իրականացրեց Նովակի մատուցման ժամանակ, սակայն, ինչպես պարզվեց, դա այն ամենն էր, ինչ հաջողվեց իսպանացուն առաջին սեթում. Ջոկովիչը մի շնչով հաղթեց մնացած 6 գեյմերը` 6:2:
Երկրորդ սեթի սկիզբը նման էր առաջինին. Նադալը կրկին առջևում էր 0:2 հաշվով, և Ջոկովիչը կրկին շատ արագ կարողացավ հավասարեցնել հաշիվն ու առաջ անցնել` 6:4:
3-րդ սեթում մրցակիցները 2-ական բրեյք իրականացրին: Թայ բրեքում Նադալը 7:3 հաշվով հաղթեց իր միակ սեթը:
4-րդ սեթում Նովակը ոչ մի հնարավորություն չտվեց Ռաֆային` հաղթեց 6:1 հաշվով և նվաճեց US Open-ի հաղթողի տիտղոսը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նույն օրը, նույն ժամին նույն մարդիկ խաղարկեցին 2010 թ. US Open-ի հաղթողի տիտղոսը. այն ժամանակ ակնհայտ էր Նադալի առավելությունը, և իսպանացին հաղթեց 3:1 հաշվով:
Այս անգամ արդեն ակնհայտ էր Ջոկովիչի առավելությունը, և կարելի է պնդել, որ միակ թենիսիստը, որը կարողացավ նրա դեմ հավասար պայքար մղել և հաղթելու հնարավորություն ուներ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն էր:









































