Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2026 թվականի սկզբից ի վեր աճել է 22 միլիարդ դոլարով։
Ինչպես հայտնում է «Մեդուզա» պարբերականը՝ հղում անելով «Bloomberg Billionaires Index» ամենօրյա վարկանիշային աղյուսակին, հունիսի 1-ի դրությամբ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց թվում ներառված է Ռուսաստանի 20 քաղաքացի։
ՌԴ ներկայացուցիչների շրջանում ամենաբարձր՝ 81-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Северсталь»-ի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը, ում կարողությունը տարեսկզբից ավելացել է 3,66 միլիարդով և հասել 29,9 միլիարդ դոլարի։
Ամենամեծ աճը գրանցել է «Еврохим» և ՍՈՒԷԿ ընկերությունների հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն՝ ավելացնելով իր հարստությունը 5,63 միլիարդով (ընդհանուր՝ 24,6 միլիարդ դոլար): Լավագույն հարյուրյակում են նաև Վլադիմիր Պոտանինն ու Լեոնիդ Միխելսոնը, որոնց համատեղ աճը այս տարի գերազանցել է 6 միլիարդ դոլարը։
Ավելի վաղ «Forbes» պարբերականի ռուսական հրատարակությունը հաշվարկել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից ի վեր երկրում դոլարային միլիարդատերերի թիվն աճել է 26 տոկոսով՝ 2021 թվականի 123-ից 2026 թվականին հասնելով 155-ի։
Չնայած պատերազմին և պատժամիջոցներին՝ նրանց համախառն կապիտալը հասել է պատմական առավելագույնին՝ 696,5 միլիարդ դոլարի՝ վերջին մեկ տարում ավելանալով 11 տոկոսով։










































