Նյու Յորքում կայանալիք աճուրդում Sotheby’s-ը կվաճառի Ֆաբերժեի հազվագյուտ վզնոց, որի նախնական գնահատված արժեքը հասնում է մոտ 600,000 դոլարի։ Զարդը պատմական մեծ արժեք ունի․ այն 1911 թվականին նվիրաբերվել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային՝ Նիկոլայ II-ի կառավարման շրջանում, որպես հատուկ պետական նվեր՝ Գերմանիայի գահաժառանգ Ֆրիդրիխ Վիլհելմի և գահաժառանգուհի Ցեցիլիայի այցի առթիվ։
Հավաքածուում ներառված են նաև 18-րդ դարի ծաղկաձև արծաթե զարդեր՝ ադամանդե զարդարանքով, որոնք գնահատվում են մինչև 80,000 դոլար և վերագրվում են Եկատերինա Մեծի ժամանակաշրջանին։
Աճուրդում ներկայացված են նաև այլ պատմական նմուշներ, այդ թվում՝ 1750-ական թվականներին վերագրվող կայսրուհի Եղիսաբեթ Պետրովնայի դարաշրջանի զարդեր, որոնց արժեքը կարող է հասնել մինչև 60,000 դոլարի։ Հազվագյուտ կայսերական զարդերը հնարավոր կլինի դիտել հունիսի 11-ից 16-ը կայանալիք ցուցահանդեսի ընթացքում։








































