Սեպտեմբերի 11-ին լրացավ 2 տարին, ինչ Մոլդովան չի կարողանում նախագահ ընտրել: Ինչպես նշում է GHN-ը, վերջին մի քանի տասնամյակներում նման անսովոր երևույթ ուրիշ ոչ մի երկրում չի գրանցվել:
Մոլդովան համարվում է պառլամենտական հանրապետություն և նախագահին ընտրում է օրենսդիր մարմինը, սակայն ընդդիմադիրները դեմ են իշխանությունների կողմից առաջ քաշված թեկնածությանը, ինչի արդյունքում նախագահի թեկնածուն չի կարողանում բավարար ձայներ ստանալ:
Մոլդովայի նախկին նախագահ, երկրի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը հրաժարական էր տվել 2009 թ. սեպտեմբերի 11-ին:
Մոլդովայի Սահմանադրության համաձայն` նախագահն ընտրվում է պառլամենտի 3/5 ձայների հարաբերակցությամբ, այսինքն ընտրվում է այն թեկնածուն, ով ստանում է 101 ձայներից առնվազն 61-ը: Ներկա իշխանությունները, սակայն, պառլամենտում ունեն 59 տեղ և ընդամենը երկու ձայների պատճառով չեն կարողանում ընտրել իրենց թեկնածուին, քանի որ այդ երկու ձայները կարող են տալ միայն կոմունիստները, ովքեր չեն համաձայնում ընտրել իշխանության թեկնածուին:







































