ԵԽԽվ-ի` 2008 թ. մարտյան դեպքերը փակելու նախագիծն անընդունելի է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով օրեր առաջ ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի ընդունած նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը: «Եթե ԵԽԽՎ-ի հետևությունները բխում են մարտի 1-ի դեպքերի լուսաբանումից և բացահայտումներից, ինձ համար անհասկանալի է, թե ինչ փոխվեց, որ նրանք իրենց կարծիքներում այսքան առաջ գնացին և բնութագրեցին մեզ որպես ժողովրդավարությանը մոտեցող ժողովուրդ, իսկ եթե ընդհանրապես են այդպես բնութագրել, որ տեղաշարժ կա, ապա ես ընդունում եմ, որ ամեն մի զարգացող պետության մեջ տեղաշարժ կա, թե դա ինչքան ժողովրդավարական է և ինչքան է համապատասխանում նրանց չափանիշներին՝ անհասականալի է»,- մեկնաբանեց իրավապաշտպանը` ընդգծելով, թե ողջունելի չէ, որ մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունը եվրոպացիները փորձում են նման կերպ մեկնաբանել: Նա նաև հավելեց, որ մարտյան դեպքերին իր երկակի մոտեցումներով և երկակի գնահատականներով ԵԽԽՎ-ն բացասական ուղղություն է հաղորդում դեպքերի բացահայտմանը:
«Այս գնահատականները այնքան էլ օբյեկտիվ չեն, այնքան էլ հստակ չեն ստեղծված իրավիճակում, ուստի կարծում եմ, որ ժողովրդավարության մասին ԵԽԽՎ-ի տեսակետները անընդունելի են, որովհետև ոչ մի դրական տեղաշարժ չի եղել՝ կապված մարտի 1-ի հետ: Եթե 10 զոհերից որևէ մեկի սպանողի կապակցությամբ մեղադրանքներ չեն առաջադրվել՝ ժողովրսդավարությունից խոսելն ավելորդ է»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Անդրադառնալով ընտրություններին` նա նշեց, որ շատ դժվար է այսպիսի պայմաններում գնալ ընտրության, և եթե մարդիկ հասկանում են, որ իրենց արարքներին գնահատական չի տրվում, նրանք անպատժելիության մթնոլորտում սկսում են գործել այնպես, ինչպես նախկինում են գործել: «Ես այստեղ վտանգ եմ տեսնում, ամեն դեպքում պետք է արարքներին իրավաչափ գնահատական տրվի։ Կատարվածին իրավաչափ գնահատական տալը ճիշտ է հետագա ողբերգությունները կանխելու նկատառումով»,- վերլուծեց իրավապաշտպանը` մտահոգություն հայտնելով, որ այս փաստաթուղթը կարող է վավեր ճանաչվել և մեր հանրապետությունում շահարկման առարկա դառնալ, հատկապես իշխանական թևի համար, որը միշտ կպնդի, թե ժողովրդավարական երկիր ենք: «Ամեն դեպքում կարծում եմ, որ ցանկացած գնահատական, այն էլ՝ միջազգային կառույցների կողմից տրվող, գերակա է և շատ կարևորվում է»,- խոսելով փաստաթղթի կարևորության մասին` նշեց Ս. Սաֆարյանը:









































