«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի հաստատման, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի նշանակման հարցերով քվեարկությունները ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նշանակված են վաղը:
Հաղորդելով այդ մասին` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ամերիկահայերին կոչ է անում կապվել իրենց օրենսդիրների հետ և դեմ արտահայտվել Ռիկարդոնեի հաստատմանը:
Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նրա հաստատման հարցով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օգոստոսի սկզբին կայացած լսումներից հետո, պատասխանելով հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր այն հարցմանը, թե մինչև 1915 թվականը Թուրքիայի տարածքում գործած ավելի քան 2000 քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր դեռ գործում որպես եկեղեցիներ, Ռիկարդոնեն հայտարարել էր.
«Մինչ 1915-ը գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը շարունակում են գործել որպես եկեղեցիներ»։ Ավելի ուշ դիվանագետը սրբագրել է իր խոսքերը` տեղի տալով Ամերիկայի հայ համայնքի քննադատությանը, սակայն նոր ձևակերպումը ևս չի բավարարել Հայ դատի հանձնախմբին:
Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածության հաստատմանը` այդ հարցը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի վերջին Մենենդեսի առաջարկով որոշեց տեղափոխել իր հաջորդ աշխատանքային նիստ, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին:
Հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Հեֆերնը խոսել էր Օսմանյան կայսրության մայրամուտին ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանության մասին, սակայն խուսափել էր այդ իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն:







































