Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները անշուշտ կլանում են հանրային ամբողջ ուշադրությունը, այդ թվում իրողություններից, որոնք առերևույթ նվազ աղմկոտ են, սակայն գուցե թե ունեն շատ ավելի լայն ու խորքային առնչություն թե Արցախի, թե հայ-ադրբեջանական հակամարտության լայն շրջանակի, թե ռեգիոնալ անվտանգային դասավորությունների հետ ընդհանրապես: Խոսքը Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության այցի մասին է, որ այս օրերին Հայաստանում էր և հանդիպել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության քաղաքական և ռազմական ղեկավարությունների՝ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, հանդիպումներ ունեցել նաև ռազմաարդյունաբերական կոմիտեում:
Ընդ որում, ըստ տեղեկատվության, Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության կազմում են եղել զինվորական գործի և այլ մասնագետներ ոչ միայն Հնդկկաստանից: Ըստ ՊՆ հաղորդագրության, Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից:
Խոսքն իհարկե պաշտոնյաների մասին չէ, սակայն ինքնին այդ կազմն արդեն իսկ խոսում է այն մասին, որ պատվիրակության ձևաչափը արտահայտում է Հայաստանի պաշտպանական համակարգի հանդեպ շատ ավելի լայն հետաքրքրություն, քան հնարավոր է պատկերացնել զուտ երկկողմ հայ-հնդկական մակարդակի առումով: Ընդ որում, հարկ է նկատել, որ պատվիրակության մասնակիցների «աշխարհագրությունը» բավականին խճանկարային է, առանց որևէ շատ հստակ առանցքի, ինչը թերևս նշանակում է, որ Հայաստան այցելած պատվիրակության դիտարկումները կենթարկվեն բավականին խայտաբղետ եզրահանգումների ոչ միայն հայ-հնդկական տիրույթում, և ոչ միայն որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական ուրվագծի շրջանակում, այլ բավականին խայտաբղետ և բազմազան «տրամագծով»:
Սա իհարկե կարևորության մասին խոսում է ինչպես հնարավորությունների, այդպես էլ բավականին ուշադիր՝ պատասխան դիտարկումների անհրաժեշտության առումով, հաշվի առնելով նաև Հայաստանի պաշտպանական համակարգի հանդեպ դրսևորվող այդ հավաքական ուշադրոության և «զննության» հնարավոր տողատակերը և համատեքստերը: Այդ ամենը չափազանց կարևոր է դառնում այն իրավիճակում, որում այսօր թե հայ-ադրբեջանական հակամարտությունն է, թե դրա հանդեպ միջազգային դիմակայության աճող ազդեցությունը, որը գործնականում խորացրել է իրադրության փակուղին և զգալիորեն խտացրել լիցքերը:









































