Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, հնարավոր է, որ Եվրոպայում արգելվի երեխայի սեռը նախօրոք որոշելու պրակտիկան: Այսպիսի որոշման նախագիծ է ներկայացվել Եվրոպայի խորհրդի կոմիտեներից մեկի կողմից: Այս բանաձևով փորձ է արվելու կանխել «անցանկալի» սեռն իմանալուց հետո հղիությունը վաղաժամ դադարեցնելը: Նշվում է, որ այս պրակտիկան վտանգավոր շեմի է հասել Եվրոպայի խորհրդի անդամ նախկին ԽՍՀՄ երկրներում:
Այս օրենքն ընդունվելուց հետո վերաբերելու է բոլոր 47 անդամ երկրներին: Օրենքի նախագծի հեղինակներին հատկապես մտահոգում է իրավիճակը Հայաստանում, Ադրբեջանում և Ալբանիայում, որտեղ արական և իգական սեռի հարաբերակցությունը հասել է 112-ը 100-ի դիմաց, իսկ Վրաստանում այդ թիվը ակզմում է 111-ը 100-ի դիմաց: Բանաձևում ասվում է, որ սեռի որոշումը կարող է թույլատրվել միայն այն դեպքում, երբ կա ժառանգական հիվանդությունները կանխարգելելու անհրաժեշտություն:
Այս օրենքի քննարկումներն արդեն լուրջ դժգոհություններ են առաջացրել Եվրոպայի որոշ երկրներում:








































