Այսօր ինքնասպանության ամենաառաջին դրդապատճառը սոցիալական դժվարություններն են: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան Ռուբեն Պողոսյանը` խոսելով վերջին շրջանում հայ հասարակությանը սպառնացող ինքնասպանության տենդի մասին:
«Դրդապատճառները շատ են, բայց պետք է առաջին տեղում նշել սոցիալական դժվարությունները: Ինքնասպանություն ծնող հիմնական պատճառներն առաջանում են սոցիալական տատանումներից, դրանցից սկիզբ առած հոգեվիճակներից, տնտեսական բարդություններից, երբ սպասումները խեղվում են, սոցիալական մտածմունքներից: Այնպիսի վիճակներ են առաջանում, երբ մարդը, կարծես, այլևս ելք չի տեսնում ապրելու համար, այստեղ էքզիստենցիալ հարց է առաջանում, գոյատևության հարց»,- թվեց հոգեբանը` նաև անդրադառնալով աղանդավորական կազմակերպությունների ազդեցությանը: «Աղանդավորությունը ինքնին արդեն պայմաններ է ստեղծում, որպեսզի մարդը գնա հանցագործության ուղիով»,- նշեց Ռ. Պողոսյանը` կարևորելով հոգևորի դերը:
«Պետք է նշել հոգևորի դերը, բացի այդ՝ կան բնածին արատներ, որոնք անչափ դժվար է կանխորոշել, ախտորոշել: Պետք է ուսումնասիրել մարդու ամբողջ կեցվածքը, նաև՝ մարմնի կառուցվածքը: Կան նաև բնածին հանցագործեր՝ իրենց մարմնի և արտաքին հատկանիշները հաշվի առնելով, բայց հիմնվել դրա վրա՝ պետք չէ, որովհետև այսօր մեզանում դա ոչ այնքան արտահայտված է»,- ասաց հոգեբանը` հավելելով, որ շատ հաճախ են մարդկանց մոտ էքզիստենցիալ հարցեր առաջանում՝ արդյոք ի՞նչ իմաստ ունի կյանքը, ապրելը, արդյոք ո՞ւր է տանում այս ամենը:
Նա նաև տեղեկացրեց, որ շատ ինքնասպանություններ պատահում են նաև անսպասելի և անբռնազբոսիկ, ակնթարթային հուզավիճակներից, ահ ու սարսափի զգացողություններից: Հոգեբանը ինքնասպանության ձևերից մեկից խոսեց, որին մարդը նախապես երկար պատրաստվում է, անցնում որոշակի փուլերով, բաժանում իր ունեցվածքը, թանկարժեք իրերը, ասես պատրաստվում է ուղևորության: Ուստի հոգեբանը խորհուրդ տվեց կամային ճիգի գնով, կյանքի նոր ուղիներ փնտրելով, հոգեբաններին դիմելով դուրս գալ դեպրեսիոն իրավիճակներից:
Անդրադառնալով բանակային ինքնասպանություններին` նշեց, որ երիտասարդները շատ հաճախ չեն դիմանում բանակային կյանքի համակարգված կանոններին:
«Բանն այն է, որ բանակային կյանքը շատ համակարգված է, որտեղ ամեն ինչ չէ, որ թույլատրվում է. կյանքն անմիջապես հայտնվում է խիստ վերահսկողության տակ, և մարդը չի դիմանում, իհարկե նաև սպաների և հրամանատարների անհարիր վերաբերմունքն է նպաստում: Բանակային լարվածությունից լինում են ինքնասպանության, ինքնահրկիզման դեպքեր»,- ցավով փաստեց Ռ. Պողոսյանը:









































