Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քուվեյթցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայմանը.
«Օտար ռազմական ներկայությունը տարածաշրջանի երկրների միջև հրահրում է հակասություններ և նրանց բաժանում միմյանցից։ Արևմուտքի երկրները տարածաշրջանում ու աշխարհում իրականացնում են իրենց քաղաքականությունը՝ սեպ խրելով երկրների միջև։
Իրանը, հաշվի առնելով տվյալ իրավիճակը, իր հերթին ջանքեր է գործադրում այդպիսի գործընթացները կանխելու համար։ Ներկայացնելով Իրանը՝ ես այցելել եմ բոլոր արաբական երկրներ և նրանց մեկնել բարեկամության ձեռք։ Իրանն արաբական երկրներին առաջարկում է անկեղծ համագործակցություն ու բարեկամություն։
Իրանը Թուրքիային դիտարկում է որպես բարեկամական ու եղբայրական երկիր։ Բայց երբ մեր թշնամիները այդ երկրում տեղադրում են իրենց ՌՏԿ-ն և խոստովանում են, որ այդ գործողություններն ուղղված են Իրանի դեմ, անհրաժեշտ է պահպանել զգոնություն»։
Իսկ թուրքական Milliyet թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Սելչուք Ունալն այսօր նորից հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՌՏԿ-ն ուղղված չէ որևէ երկրի դեմ. «ՌՏԿ-ի տեղակայումն ուղղված է ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակումից պաշտպանության բարձրացմանը, այն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Թուրքիան այս հայտարարությունն անում է՝ ի պատասխան իրանական կողմի համապատասխան արձագանքների»։







































