Այսօր Վաշինգտոնում մեկնարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների նոր փուլը, որն ըստ ամերիկյան կողմի՝ կշարունակվի մինչև հունիսի 29-ը: Նախորդը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ մայիսի 1-4-ը, այլ կերպ ասած՝ մեկ օր ավելի: Նշանակություն ունի՞ մեկօրյա տարբերությունը, թե՞ ոչ, իհարկե դժվար է ասել: Էականն անշուշտ այն է, թե ինչպիսին է մթնոլորտը՝ թե հակամարտության կողմերի միջև, թե նաև այն մթնոլորտը, որ կա միջազգային առումով, որը բնականաբար իր անշեղ ազդեցությունն ունի հայ-ադրբեջանական գործընթացի վրա: Իսկ այդ իմաստով, մթնոլորտը բավականին անորոշ, հարաբերական ու հակասական է, ինչի վկայություններից մեկն էլ այն է, որ վաշինգտոնյան փուլից առաջ՝ հունիսի 26-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հանդիպումը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ: Հանդիպումը բավականին հետաքրքիր է մի շարք առումներով իհարկե: Նախ, դա փաստացի առաջին հայ-ռուսական վիզուալ շփումն է Ռուսաստանում հայտնի իրադարձություններից հետո:
Բացի այդ, Գլազունով-Հարությունյան հանդիպումը փաստորեն նախորդում է վաշինգտոնյան բանակցային փուլի մեկնարկին: Իսկ այստեղ ուշադրության է արժանի մի հանգամանք, որը անմիջապես հաջորդել էր առաջին՝ մայիսյան փուլին, և ինչին անդրադարձել եմ մի շարք առիթներով: Մայիսի 4-ին Վաշինգտոնում ավարտվեց բանակցությունը Միրզոյանի և Բայրամովի միջև, իսկ մայիսի 5-ին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Մոսկվայում հանդիպում ունեցավ Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ:
Կասկած չկա, որ մոսկովյան այդ հանդիպումը պայմանավորված էր Վաշինգտոնում տեղի ունեցած քառօրյա բանակցությամբ, և որին էլ հաջորդեց անմիջապես: Միաժամանակ, եթե ամերիկա-հայկական այդ շփումը տեղի է ունենում Մոսկվայում ՀՀ և ԱՄՆ դեսպանների միջոցով, դա կարող է նշանակել, որ կա նաև հենց Մոսկվայի հետ հաղորդակցության բաղադրիչ, այլապես ԱՄՆ դիվանագետները կարող էին իրենց հայաստանցի գործընկերների հետ շփվել հենց Հայաստանում: Եվ ահա, վաշինգտոնյան առաջին փուլից անմիջապես հետո Վաղարշակ Հարությունյանի հետ Մոսկվայում հանդիպում է ԱՄՆ դեսպանը, իսկ վաշինգտոնյան բանակցության նոր փուլից անմիջապես առաջ Մոսկվայում նույն վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում է ՌԴ փոխարտգործնախարարը: Այս հանգամանքները թերևս արժանի են ուշադրության և խոսում են այն մասին, որ համենայն դեպս առկա է Մոսկվա-Վաշինգտոն որոշակի տևական հաղորդակցություն: Ինչպիսին է դրա բովանդակությունը, սա իհարկե հարց է, որովհետև ի վերջո հարկ է նաև ուշադրության արժանացնել մեկ այլ հանգամանք էլ:
Մոսկվայում Գլազունով-Հարությունյան հանդիպումը տեղի է ունենում հունիսի 26-ին, այն օրը, երբ տեղի են ունեցել Պուտին-Ռայիսի և Փաշինյան-Ռայիսի հաջորդական հեռախոսազրույցներ: Պուտին-Ռայիսի հեռախոսազրույցում ընդգծվել է Կովկասի կայունությունն ապահովելու հարցը, ինչից հետո տեղի է ունենում Երևան-Թեհրան բարձր մակարդակի հեռախոսազրույցը: Հնարավոր է, որ Մոսկվան ու Թեհրանը Վաշինգտոնում Երևան-Բաքու բանակցային նոր փուլին ընդառաջ Երևանի հետ քննարկել են այն տարածության հարցը, որ կարող է ունենալ Հայաստանը վաշինգտոնյան բանակցությանը սեփական դիրքորոշումը պաշտպանելու հարցում ճկուն և կառուցողական լինելու, միաժամանակ նաև ռեգիոնում աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության խնդիրներ չառաջացնելու համար: Ըստ իրանական կողմի տարածած տեղեկությունների, Իրանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ զրույցում շեշտել է հենց այն հանգամանքը, որ Իրանը դեմ է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության:









































