Իսրայելական Cursorinfo.co.il կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Ալ-Արաբիա»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը մոտ ապագայում դիմելու է Հաագայի միջազգային դատարան՝ պահանջելով ապօրինի ճանաչել Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը և համապատասխան պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։
Գյուլն ընդգծել է, որ դա լիակատար պարզություն կմտցնի «Մավի Մարմարա»-ի միջադեպի հարցում, երբ սպանվել էին Թուրքիայի 9 քաղաքացիներ. «Թուրքական կողմը կտրուկ համաձայն չէ Փալմերի միջազգային հանձնաժողովի եզրակացությունների հետ, որն օրինական է ճանաչել Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը։
Թուրքիան շարունակելու է բոլոր հնարավոր ճնշումները բանեցնել Իսրայելի վրա՝ ստիպելով վերացնել Գազայի հատվածի շրջափակումը և պաշտոնապես ներողություն խնդրել Թուրքիայից»։
Գյուլը նաև Իսրայելի հետ հարաբերությունների լիակատար խզման հավանականությունը գնահատել է որպես «բարձր»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարա»-ի միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ իրենց քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը զբաղվում է «ծովահենությամբ»։
Դրանից հետո թուրքական կողմն Իսրայելից շարունակ պահանջում էր ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել տուժածների ընտանիքներին, ինչը, ըստ իսրայելական կողմի, նշանակում էր հանձնվել ահաբեկչությանը:







































