Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ղարաբաղյան հակամարտութան կարգավորումը քննարկվելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ձմեռային նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան։
Վերջինս նշել է, որ այս հարցը քննարկվել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էվթիմիուի ադրբեջանական այցի ժամանակ. «Այն ժամանակ Էվթիմիուն հայտարարեց, որ ԵԱՀԿ ԽՎ նիստերից մեկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ պետք է քննարկում կազմակերպվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ամռանը չհաջողվեց դա կազմակերպել։ Քննարկումը բխում է ոչ միայն այդ հակամարտությունից տառապող մեր երկրի, այլև ԵԱՀԿ շահերից, ով ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում»։








































