Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին դադարեցնել ցուցարարների դեմ բռնությունների կիրառումը և նստել բանակցությունների սեղանի շուրջը: Իրանի նախագահն այս հայտարարությունն արել է սեպտեմբերի 7-ին պորտուգալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նա նշել է, որ «ռազմական լուծումը երբեք ճիշտ չի լինում, այդ պատճառով կողմերը պետք է խնդիրները լուծեն երկխոսության միջոցով»:
Ահմադինեժադը Սիրիայի իշխանություններին խոստացել է բազմակողմանի աջակցություն, եթե վրջինս կանգնի բարեփոխումների ճանապարհին: Նա հավելել է, որ Սիրիայի իշխանությունները, ինչպես և մյուս կառավարությունները, պետք է ընդունի ժողովրդի` ազատության, արդարության և հարգանքի իրավունքը: Ահմադինեժադը նաև զգուշացրել է արևմտյան երկրներին Լիբիայի օրինակով Սիրիայի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին: Այս հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ արվում է Սիրիայի իշխանությունների ամենամտերիմ դաշնակցի կողմից:








































