Մայիսի 5-ին Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք «մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հատարարության դրույթների անվերապահ կատարումը։ Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-ից 4-ը ԱՄՆ-ում անցկացված եռակողմ բանակցությունների կարևորությունը»: Տեղի ունեցածը բավականին ուշագրավ հանդիպում է և թերևս աննախադեպ ձևաչափի հանդիպում: Իհարկե այստեղ գուցե դեր է խաղում այն, որ Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին այդ պաշտոնը ստանձնելուց առաջ ավելի քան երեք տարի պաշտոնավարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կարգավիճակում:
Ի դեպ, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Բայդենը Թրեյսիին՝ Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալուց անմիջապես հետո առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին, քանիցս անդրադարձել եմ այդ հանգամանքին և ուշադրություն հրավիրել դրա վրա իբրև Հայաստանի փոքր հնարավորություն՝ ամերիկա-ռուսական բարդագույն հարաբերության պայմաններում սուր անկյունները հարթելու և «չճզմվելու» կենսական խնդրի լուծման դժվարին ճանապարհին: Մասնավորապես, այդ համատեքստում դիտարկել եմ, որ շատ կարևոր է, որպեսզի դեսպան Թրեյսին Ռուսաստանում իր պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կարողանա նպաստել օրինակ հայ-ամերիկյան հարաբերության ու երկխոսության հանդեպ Ռուսաստանի կասկածների ու վախերի կառավարմանը, Հայաստանում պաշտոնավարման ընթացքում անշուշտ քաջ պատկերացնելով հայ-ռուսական հարաբերության բազմաթիվ նուրբ ու հակասական, զգայուն շերտերն ու դրանք ընկալելու, իրավիճակը ռացիոնալ ու սթափ գնահատելու կարողությունը հենց Միացյալ Նահանգներում:
Ի վերջո դա շատ կարևոր է հայ-ամերիկյան հարաբերության կայուն զարգացման, սերտացման համար՝ ոչ թե անտեսել, այլ հաշվի առնել ու նաև հնարավորության սահմանում աշխատել հայ-ռուսական հարաբերության հակասական ու բազմաշերտ իրողության հետ: Հնարավո՞ր է Լին Թրեյսիի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը դիտարկել այդ համատեքստում, հատկապես վաշինգտոնյան բանակցային «մարաթոնից» հետ: Եթե այո, ապա հանդիպումն իսկապես ողջունելի է, որովհետև խաղաղությանն ուղղված նախաձեռնողականությունը չի կարող ծառայել հռչակված նպատակին իրականում, եթե անտեսի Ռուսաստանի գործոնն ու դերը, կամ առավել ևս այդ անտեսումը դիտարկի նպատակ: Լին Թրեյսիի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ, թույլ է տալիս առնվազն դիտարկել, որ կա ոչ թե անտեսման, այլ աշխատանքային հաղորդակցության միտում:









































