Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքներն աճել են ու այս տարվա առաջին եռամսյակում կազմել 49 395 գործարք, տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած եռամսյակային հաշվետվությունից։ Ուշագրավ է, որ ըստ այդ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Երևանում գործարքների թիվը նվազել է 6,4 տոկոսով, բայց էականորեն աճել Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։
Երևանում առքուվաճառքի գործարքները նվազել են 26,1 տոկոսով՝ հատկապես Դավթաշեն, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։
Մայրաքաղաքում նվազել են ինչպես բնակարանների հետ կապված առքուվաճառքի դեպքերը, այնպես էլ առանձնատների, արտադրական նշանակության շինությունների, հողերի, ավտոտնակների առքուվաճառքի գործարքները։ Այս ամենով հանդերձ՝ Երևանը շարունակում է մնալ բնակարանների առքուվաճառքի հիմնական ուղղությունը (բնակարանների առքուվաճառքի գործարքների 60,6 տոկոսը եղել է Երևանում): Բնակարանների 1 քառակուսի մետրի միջին գինը շարունակում է Երևանում աճել ու նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այն ունի հետևյալ տեսքը
Կենտրոնում 1 քմ միջին արժեքը 796 200 դրամ, աճը՝ 14,3 տոկոս
Արաբկիրում 1 քմ միջին արժեքը 556 200 դրամ, աճը՝ 12,8 տոկոս
Քանաքեռ-Զեյթունում 1 քմ միջին արժեքը՝ 392 700 դրամ, աճը՝ 8 տոկոս
Նոր-Նորքում 1 քմ միջին արժեքը՝ 336 000 դրամ, աճը՝ 7,8 տոկոս
Էրեբունիում 1 քմ միջին արժեքը՝ 348 500 դրամ, աճը՝ 10,1 տոկոս
Շենգավիթում 1 քմ միջին արժեքը՝ 350 200 դրամ, աճը՝ 7,9 տոկոս
Դավթաշենում 1 քմ միջին արժեքը՝ 406 100 դրամ, աճը՝ 13 տոկոս
Աջափնյակում 1 քմ միջին արժեքը՝ 364 500 դրամ, աճը՝ 8,9 տոկոս
Մալաթիա-Սեբաստիայում 1 քմ միջին արժեքը՝ 352 000 դրամ, աճը՝ 11 տոկոս
Ավանում 1 քմ միջին արժեքը՝ 348 600 դրամ, աճը՝ 1,7 տոկոս
Նուբարաշենում 1 քմ միջին արժեքը՝ 206 000 դրամ, աճը՝ 0,8 տոկոս
Ընդհանուր առմամբ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ բնակարանների գները աճել են 10,6 տոկոսով։ Մարզերում բնակարանների 1 քառակուսի մետրի գինը ևս աճի միտում ունի։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ էական աճ է գրանցվել բնակարանների 1 քմ-ի համար Էջմիածնում, Մեծամորում, Գավառում, Չարենցավանում, Կապանում։ Մարզային քաղաքներում բնակարանների 1 քմ-ի գինը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ աճել է 14,7 տոկոսով։
Կենտրոն անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Երևանում գործարքների թվի նվազման պատճառ կարող է լինել գների բարձրացումը. «Հնարավոր չէ, որ գներն անվերջ բարձրանան, գործարքներն էլ անընդհատ շատանան: Այս պահին շուկայում տեղի է ունենում որոշակի անկում: Շուկան ալիքաձև է զարգանում. Մի քանի տարի գործարքների քանակն ավելացել է: Կարծում եմ՝ 6,4 տոկոսը այդքան մեծ ցուցանիշ չէ, նորմալ է, որ մի փոքր նվազում ունենք: Հնարավոր է մի քանի ամիս նվազելուց հետո նորից գործարքների թվի մեծ աճ գրանցվի՝ պայմանավորված արտաքին գործոններով: Նախկինում շատ էին Հայաստան գալիս, քանի որ առաջին եռամսյակում այդ շարժը մի փոքր պակասել է, հետևաբար, գործարքների թիվն էլ որոշ չափով նվազել է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վարձակալության շուկային, մասնավորապես նրան, որ վարձակալության գործարքների 55 տոկոսից ավելին Երևանում է, հատկապես Կենտրոնում, Արաբկիրում, Ավանում, Քանաքեռ-Զեյթունում, Վահե Դանիելյանն ասաց. «Կադաստրի կոմիտեի թվերը վարձակալության առումով ոչ միշտ են ճիշտ, որովհետև մեր շուկայում շատ փոքր մասն է կադաստրով գրանցում վարձակալությունը: Այնուամենայնիվ, հիմնականում վարձակալության գործարքներն ամենից շատ գրանցվում են Կենտրոնում ու Արաբկիրում: Շրջաններում այդքան էլ վարձով գույք չկա: Նախորդ տարի, քանի որ Ռուսաստանից շատ մարդիկ եկան, և Երևանում արդեն վարձով գույք չկար, շատերը ստիպված գնացին շրջաններ, մասնավորապես, Երևանին մոտ գտնվող քաղաքներ: Հիմա պահանջարկի այդ նույն ծավալը չկա, որը կար նախորդ տարի»:
Նրա խոսքով, այս պահին վարձակալության շուկայում նախկին ակտիվությունը չկա, սակայն ռուսների հոսքից առաջ եղած ժամանակահատվածի համեմատ հիմա էլի բավականին լավ է. «Բնական է, որ այդ վիճակը չէր կարող հավերժ շարունակվել: Ինչ-որ պահի չափից ավելի մարդիկ եկան Հայաստան, մեր շուկան էլ շատ մեծ չի, հետևաբար անշարժ գույքի վարձակալության գները բարձրացան: Իսկ վարձակալությունը թանկացավ, իսկ վարձակալության շուկան էլ իր հերթին ազդում է վաճառքի շուկայի վրա»,- ընդգծեց Դանիելյանը:









































