Կեղծ հիշողությունները մարդուն շրջապատում են ողջ կյանքի ընթացքում։ Հաճախ մի խումբ մարդիկ կարող են նույն իրադարձությունը սխալ հիշել։ Իսկ ի՞նչն է այս ամենի պատճառը, ո՞րն է կեղծ իսկ, ո՞րը ճիշտ հիշողությունը։ Մարդու վրա ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ կեղծ հիշողությունները։ Եվ ի վերջո ի՞նչ ճանապարհով է հնարավորոր խուսափել ու պայքարել ձևավորվող կեղծ հիշողությունների դեմ։ Այս ամենի հոգեբանական կողմը պարզելու համար զրուցեցինք հոգեբան Արմինե Թովմասյանի հետ։
Ի՞նչ է կեղծ հիշողությունը և կա՞ արդյոք երևույթին համարժեք բացատրություն։
-Կեղծ հիշողությունները գիտության մեջ այլ կերպ անվանում են նաև կոնֆաբուլյացիա, պարամնեզիա կամ Մանդելայի էֆեկտ: Կոնֆաբուլյացիան կոգնիտիվ աղավաղում է, որի դեպքում մարդու հիշողության բացերը ենթագիտակցորեն լրացվում են հորինված, ոչ ճիշտ մեկնաբանված կամ ձևափոխված ինֆորմացիայով: Մարդը նման դեպքերում խառնում է երևակայական երևույթները իրական հիշողությունների հետ: Կարևոր է ընդգծել, որ կեղծ հիշողությունների դեպքում մարդիկ չեն ստում, երբ պնդում են այն, ինչը չի եղել: Նրանք ուղղակի վստահ են իրենց հիշողությունների իրական լինելու մեջ, նույնիսկ, երբ փաստերը հակառակն են ապացուցում:
Մարդիկ հաճախ վստահելով իրենց հիշողությանը պնդում են մի իրողություն, որն իրականում տեղի չի ունեցել։ Ինչպե՞ս է մարդը հիշում այն ինչն իրականում իր հետ չի պատահել։
-Կեղծ հիշողությունների ուսումնասիրությամբ սկսել են զբաղվել բավականին վերջերս: Շատերը պնդում են, որ մեր ուղեղը ունակ է մտապահելու ամեն ինչ, որ այն հիշում է մեր կյանքի յուրաքանչյուր պահը և որպես ապացույց բերում են այն, որ հիպնոսի ժամանակ մարդը հիշում է իր կյանքի դրվագները շատ մանրամասն: Իրականում դա այդպես չէ: Բիլլ Պատմանը անցկացրել է հետևյալ գիտափորձը: Նա փորձարկվողներին ցույց էր տալիս տեսահոլովակ, որտեղ տեղի է ունենում ավտովթար, որից հետո հարցնում էր, թե ինչ են մտապահել: Այն բանից հետո, երբ փորձարկվողները թվարկում էին իրենց տեսածը, նրանց հիպնոսացնում էին: Եվ իրոք մարդիկ հիշում էին մեծ թվով մանրամասներ: Տպավորություն էր, որ նրանք ներկա են եղել ավտովթարի վայրում: Ապա նրանց արթնացնում են հիպնոսից և պարզվում է, որ այն ամենը ինչ նրանք հիշել են, հորինված է, քանի որ տեսանյութում նման բան չի եղել: Մեզ միայն թվում է, թե մեր հիշողությունները իրական են: Ամեն անգամ մենք վերակառուցում ենք մեր անցյալը նորովի:
Իսկ ինչպե՞ս են ձևավորվում կեղծ հիշողությունները։
-Գիտնականները պարզել են, որ նույնիսկ կարճատև հիշողությունը ունակ է ստեղծելու կեղծ հիշողություններ նախատրամադրվածությունների ազդեցության տակ: Այսինքն` իրավիճակից 3-5 վայրկյան անց, մարդիկ կատարվածը պատմում են այլ կերպ, քան այն տեղի է ունեցել իրականում: Երբեմն մեր հիշողությունների մեջ չկա ոչ մի գրամ իրականություն: Կեղծ հիշողությունները ձևավորվում են տարբեր կերպ: Երբեմն մենք դրանք «գողանում» ենք ուրիշներից: Երբեմն մենք վստահ չենք կարող ասել, թե կոնկրետ իրավիճակի մասին հիշողությունները մեզ պատմել են ուրիշները, թե մեր տպավորություններն են, կամ միգուցե մենք այն ուղղակի տեսել ենք որևէ նկարում: Կեղծ հիշողություններ կարող են առաջանալ, երբ մենք ուղղակի նայում ենք հեռուստացույց, քննարկում ենք քույրերի և եղբայրների հետ մանկության իրադարձությունները և այլն: Կեղծ հիշողություններ ձևավորվելու հարցում կարևոր գործոն է նաև ժամանակը: Որքան վաղ է տեղի ունեցել իրադարձությունը, այնքան հիշողության բացը լրացնում են կեղծ հիշողությունները:
Արդյո՞ք կան երևույթներ որոնք նպաստում են կոլեկտիվ կեղծ հիշողությունների ձևավորմանը։ Երբ ոչ թե մեկ մարդ է իրադարձությունը սխալ հիշում այլ՝ մի քանի։
-Կեղծ կոլեկտիվ հիշողություններ կարող են ձևավորվել, երբ այս կամ այն խմբում մեկը պատմում է իրադարձության որոշ մանրամասներ, որոնք իրականում տեղի չեն ունեցել կամ տեղի են ունեցել, բայց խմբի մյուս անդամները այդ պահին դա չեն ֆիքսել կամ մոռացել են: Նման պատմություններից հետո մարդիկ հետագայում կարող են վստահ լինել, որ դա իրենց հիշողությունն է ու նույնիսկ կարող են նկարագրել այդ պահին իրենց զգացողությունները: Օրինակ` պատերազմի վետերանները իրենց են վերագրում ուրիշների պատմությունները:
Մարդիկ երբեմն ամենապարզ թվացող իրադարձությունը՝ օրինակ տան բանալիները խոհանոցում թողնելը շփոթում են, հիշելով, որ այն թողել են ննջարանում։ Ի՞նչը կարող է նպաստել պարզ իրադարձությունների սխալ հիշելու զարգացմանը։
-Հիշողությունները վերակառուցվում են: Դրանք ճկուն են և բացարձակ նման չեն տեքստային փաստաթղթի կամ նկարի: Հիշողությունը կարելի է համեմատել թատրոնի հետ, որտեղ բեմադրվում են նույն պիեսի տարբեր տարբերակներ: Մի տարբերակում գլխավոր հերոսուհու զգոստը կարմիր է, մյուսում` կապույտ, փոխվում են դերակատարները և սցենարը: Երբեմն մենք հիշում ենք այն, ինչը տեղի է ունեցել իրականում, բայց երբեմն էլ ամբողջ պատկերը հորինում և երևակայում ենք ինքներս: Ահա, թե ինչու ենք բանալիները թողնում խոհանոցում, բայց հիշում, որ դրանք ննջարանում են:
Արդյո՞ք ԶԼՄ-ների տարածած տեղեկություները կարող են խթանել մի խումբ մարդկանց մոտ կեղծ հիշողությունների ձևավորմանը։
-Այո, այսօր քաղաքականության, պատմության, մշակույթի ոլորտում կարող ենք հանդիպել կեղծ հիշողությունների ձևավորման բազմաթիվ օրինակներ: Այս երևույթի ամենահայտի դեպքը այն է, երբ 2013թ. ԶԼՄ-ներով հայտնեցին Նելսոն Մանդելայի մահվան լուրը, մարդիկ վստահ էին, որ նա մահացել է 1980-ականներին բանտում: Այսօր Ադրբեջանը նպատակաուղղված կերպով աղավաղում է մեր և իրենց պատմությունը, փոխում նույնիսկ ամենաակնհայտ փաստերը` մուլտֆիլմերի, ֆիլմերի, գրքերի, կայքերի կամ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթների միջոցով: Եվ այդ ամենի հետևանքները այսօր, ցավոք, ակնհայտ են: Կամ մեկ այլ օրինակ է այն, որ ներկայիս իշխանությունը ամեն կերպ արժեզրկում է նախկինների աշխատանքը և մեծ զանգվածներին համոզում, որ նրանց իշխանությունը միայն բացասական ազդեցություն է ունեցել երկրի բոլոր ոլորտների վրա:
Ինչպիսի՞ն կարող է լինել կեղծ հիշողության ազդեցությունը և մարդը միայնակ կարո՞ղ է ջնջել կամ վերահսկել իր հիշողությունները։
-Քանի որ մեր ուղեղը հաճախ համարում է իրական այն, ինչը իրականության հետ ոչ մի կապ չունի, նշանակում է, որ այն կարելի է մանիպուլյացնել: Գազլայթինգը հենց այդ երևույթի վրա էլ հիմնվում է, երբ գազլայթերը զոհին համոզում է նրանում, ինչը տեղի չի ունեցել և այդ կերպ նրան հավատացնում, որ վերջինս խելագար է կամ անադեկվատ: Մարդիկ ունակ են նաև մաքրել իրենց համար տհաճ հիշողությունները` փոխելով հիշողության ընկալման կոնտեքստը: Օրինակ` երգը, որը ասոցացվում է բացասական իրադարձության հետ, կարող են լսել ավելի դրական հոգեվիճակում, որպեսզի ուղեղը այն ասոցացնի դրական հույզերի հետ: Այդ կերպ հնարավոր է բուժել դեպրեսիան կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը:
Ի՞նչ ճանապարհով է հնարավոր խուսափել կամ պայքարել արդեն ձևավորված կեղծ հիշողության դեմ։ Եվ ինչպե՞ս բարելավել մարդու հիշողությունը։
-Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ազատվել կեղծ հիշողություններից, քանի որ երբեմն դրանք կարող են շատ բացասաբար ազդել մարդկային ճակատագրերի վրա, օրինակ, եթե դատարանում վկաները վկայություն տան` ելնելով իրենց կեղծ հիշողություններից և մեղադրեն լիովին անմեղ մարդուն: Գիտափորձերի ժամանակ փորձարկվողներին իրենց հարազատները պատմում էին իրական և հորինված պատմություններ նրանց կյանքից, որից հետո շատերը այդ հիշողությունները համարում էին իրական և իրենց փորձի մասը: Ապա հետազոտողները նրանց հիշեցնում էին, որ կենսագրական հիշողությունները ոչ միշտ են հիմնված լինում սեփական փորձի վրա, այլ կարող են ձևավորվել նկարների կամ ընտանիքի անդամների պատմածների հիման վրա: Ինչից հետո փորձարկվողները սկսեցին ավելի քննադատաբար մոտենալ իրենց հիշողություններին և կարողացան հիշողությունից դեն նետել այն, ինչը իրականում տեղի չի ունեցել: Հետևաբար` յուրաքանչյուր հիշողություն (հատկապես, եթե այն կարևոր է), պետք է վերլուծել և փնտրել այլ ապացույցներ տեքստային կամ այլ ձևով: