Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Հուսեին Բագիրովը լրագրողներին հայտարարել է, որ եթե Իրանը մտադիր է Ուրմիա լճի չորացումը կանխելու համար օգտագործել Արաքս գետի ջրերը, ապա նա այդ հարցը պետք է նախապես համաձայնեցնի ադրբեջանական կողմի հետ.
«Ադրբեջանի և Իրանի միջև գոյություն ունի Արաքս գետի ջրերի օգտագործման համաձայնագիր։ Դրանում հստակեցված է, թե կողմերը գյուղատնտեսական կարիքների վրա և այլ նպատակով որքան ջուր կարող են օգտագործել։ Բնապահպանական հավասարակշռության պահպանման համար գետում պետք է պահպանվի ջրի որոշակի մակարդակ։
Մենք միայն մամուլից ենք տեղեկացել, որ Իրանը մտադիր է Ուրմիա լճի չորացումը կանխելու նպատակով օգտագործել Արաքս գետի ջրերը։ Եթե դա իսկապես այդպես է, ապա Իրանը պետք է այդ հարցը համաձայնեցնի Ադրբեջանի հետ»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իրանի շրջակա միջավայրի պահպանման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն հայտնել էր, թե Իրանի կառավարությունը 900 միլիոն դոլար է հատկացրել Ուրմիա լճի չորացման կանխմանն ուղղված միջոցառումների անցկացմանը։ Նա նաև նշել էր, որ այդ միջոցառումների մեջ է մտնում Արաքս գետի ջրերի օգտագործումը։








































