
Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարար Լավրովը համաձայնություն հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ: Այստեղ, ըստ Լավրովի, պետք է հասկանալ, թե ինչ որակ կարող են ունենալ դրա ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները: Լավրովը այդ համատեքստում հիշատակել է Կիևի հետ այսպես կոչված մինսկյան համաձայնությունները, կամ Կոսովոյի և Սերբիայի միջև տասնամյա վաղեմության համաձայնությունը Կոսովոյի սերբական շրջանների բնակիչների իրավունքների առնչությամբ: Ըստ Լավրովի, դա մայրենի լեզվի իրավունքն է, դրանով աշխատելու, ուսուցանելու իրավունքը, կրոնի, մշակույթի իրավունքը, տեղական ինքնակառավարման իրավունքը, նաև հայրենակիցների հետ հատուկ տնտեսական կապերի իրավունքը, որը Դոնբասի դեպքում Ռուսաստանի հետ էր, Կոսովոյի սերբերի դեպքում՝ Սերբիայի: Ըստ այդմ, Արցախի պարագայում խոսքը Հայաստանի հետ հատուկ տնտեսական կապերի մասին է, համաձայն Լավրովի գնահատականների: Ըստ նրա, այդ ամենն այդքան էլ բարդ չէ, եթե պարկեշտ են իրականացնողները:
Ըստ Լավրովի, Կիևն ու Պրիշտինան չեն եղել պարկեշտ: Ինչի՞ մասին է ՌԴ արտգործնախարարի բազմիմաստ ակնարկը, կամ՝ ու՞մ է այն ուղղված, Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին: Լավրովը փաստացի խոսում է այն մասին, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է քննարկեն Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալու պայմանները: Ռուսաստանի արտգործնախարարի ներկայացրածը այն չէ, ինչ ընդունելի կլինի Հայաստանի ու Արցախի համար, և այն չէ, ինչ ընդունելի կլինի Ադրբեջանի համար, որովհետև Ալիևն էլ պնդում է, որ չկա արցախյան հարց ընդհանրապես և կա ռեինտեգրացիայի խնդիր:
Լավրովի ասածը, համենայն դեպս այն, ինչ հնչում է՝ Արցախի ինքնիշխանություն չէ, բայց նաև ռեինտեգրացիա չէ: Տվյալ պարագայում սակայն, խնդիրը հետևյալն է՝ Ռուսաստանը բարձրաձայնում է, թե իր պատկերացմամբ ինչի մասին կարող են խոսել, երկխոսել Ստեփանակերտն ու Բաքուն: Եվ այստեղ բնականաբար առաջանում է հարց, թե ինչ պատկերացում ունեն մյուս բոլոր դերակատարները, ի մասնավորի՝ Արևմուտքը, Վաշինգտոնն ու Բրյուսելը, որոնք ևս խոսում են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին: Ըստ Բրյուսելի, ըստ Վաշինգտոնի, ինչի՞ շուրջ պետք է լինի այդ երկխոսությունը, ի՞նչ կետերի, ինչ ելակետերի շուրջ: Այդ իմաստով, Լավրովը փաստացի մարտահրավեր է նետում Վաշինգտոնին ու Բրյուսելին:
Հատկանշական է, որ մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի և ՌԴ արտգործնախարարների հանդիպման ու ասուլիսի օրը, Բաքվի արտգործնախարարը մեկնել էր Բրյուսել, իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն էլ զանգահարել է Երևան և խոսել Նիկոլ Փաշինյանի հետ: Լավրովը իր ասուլիսի ընթացքում Դոնբասի և Կոսովոյի սերբերի շուրջ պայմանավորվածությունները՝ չկատարված պայմանավորվածությունները հիշատակելով հայտարարել է, որ Արևմուտքը վարկաբեկել է իրեն և Հարավային Կովկասում էլ հետապնդում է ընդամենը Ռուսաստանի ջանքերը կազմալուծելու նպատակ, նաև ձգտելով ոտնահարել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի անմիջական հարևան եռյակի՝ ՌԴ, Իրանի և Թուրքիայի շահերը, փորձում է թույլ չտալ «3+3» ձևաչափի ձևավորում:
Արևմուտքը նախապատրաստում է միջոցառումներ, որոնք ըստ Լավրովի հերթական գունավոր հեղափոխության նախերգանք են: Նա նկատի ունի Վրաստա՞նը, թե՞ ոչ, բարդ է ասել, բայց մարտահրավերը ՌԴ արտգործնախարարը նետում է շատ բաց տեքստով: Եվ ահա, դրան հաջորդում է Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, որի ընթացքում Հայաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի աճող ագրեսիվության առնչությամբ: Իսկ ԱՄՆ պետքարտուղարի համար դա՞ է լինելու մտահոգիչ, թե՞ այն, որ Ռուսաստանը փորձում է իր հերթին ամուր պահել դիրքերը Կովկասում: Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, որ իր տպավորությամբ եկել են առկա իրավիճակը նորմալ հուն վերադարձնելու որոշակի քայլերի շուրջ համաձայնության: ԱՄՆ պետքարտուղարը Նիկոլ Փաշինյանից թերևս փորձել է պարզել կամ նրա հետ հախոսազրույցում հասկանալ, թե ի՞նչ համաձայնության մասին է խոսել Լավրովը: