Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Նախկին դաշնակիցների գզվռտոցն արդեն շատ վտանգավոր է դառնում

Այս օրերին Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ քաղաքական առճակատումն Անկարայի մերձավորարեւելյան այն քաղաքականության հետեւանքն է, որը վարչապետ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վարում է արդեն մի քանի տարի: Թուրքիան տարածաշրջանի առանցքային տերություններից մեկը դարձնելուն միտված այդ քաղաքականության ծրագրային կարեւոր դրույթներից է արաբական աշխարհի հետ ռազմավարական կապերի սերտացումը: Ուղենիշ դարձնելով մասնավորապես նաեւ Պաղեստինի արաբների շահերի պաշտպանության հարցը` Անկարան փորձում է ձեռք բերել արաբական երկրների համակրանքն ու թուլացնել Իսրայելի տարածաշրջանում ունեցած դիրքերը: Վերջին երկու տարիներին լուրջ հիմքերի վրա դրված նման քաղաքականությունը Թուրքիային ստիպել է գնալ իր նախկին դաշնակցի հետ հարաբերությունները սրելու, իսկ վերջին օրերին` նաեւ առավելագույնս փոքրացնելու ճանապարհով:

2010թ. մայիսի 31-ին, երբ Իսրայելի զինված ուժերը ռազմական գործողություն իրականացրին, որպեսզի կանգնեցնեն Գազայի շրջափակումը ճեղքելու եւ նրան հումանիտար օգնություն հասցնելու նկատառումով ծով մտած «Ազատության նավատորմիղը», դրվեց թուրք-իսրայելական հարաբերությունների խոր ճգնաժամի հիմքը: Թուրքական «Մավի Մարմարա» նավի գրավումն ու ինը թուրքերի սպանությունը պատճառ դարձան, որ Անկարան հետեւողականորեն հետապնդի Իսրայելին` հասնելու համար մի քանի վերջնագրային պահանջների, այդ թվում` Թուրքիայից ներողություն խնդրելու պահանջի կատարմանը:

Պաշտոնապես ներողություն խնդրելու թուրքական վերջնագիրը արհամարհելով` Իսրայելը վերջին օրերին նախընտրեց գնալ Թուրքիայի հետ հարաբերություններն էլ ավելի վատթարացնելու ուղով: Իսրայելի կողմից նման քաղաքականության որդեգրումը նշանակում էր ընդունել թուրքական մարտահրավերը եւ, միաժամանակ, նրան ցույց տալ, որ Մերձավոր Արեւելքում իր հավակնությունները կյանքի կոչելու եւ իսրայելական պատնեշը հաղթահարելու համար Թուրքիան ստիպված է գնալ նախկինում հայտարարված սպառնալիքներն իրականացնելու ճանապարհով: Քայլեր, որոնք փորձություն պետք է դառնան թե՛ Թուրքիայի եւ թե՛ Իսրայելի համար իրենց տարածաշրջանային իրական դիրքերն ու հնարավորությունները ստուգելու առումով:

Պաշտոնական Անկարան վաղուց է, ինչ հայտարարել է Իսրայելի կողմից ներողություն չխնդրելու դեպքում «պլան Բ»-ի գոյության մասին: Հենց վերջինիս կենսագործմանն էր ուղղված Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` օրեր առաջ արած հայտարարությունը: Ըստ Դավութօղլուի` այս շաբաթվանից սկսած առկախվելու են Իսրայելի հետ ունեցած բոլոր ռազմական պայմանագրերը, դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցվելու են ժամանակավոր հավատարմատարի մակարդակի, իսկ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները մինչեւ այս չորեքշաբթի վերադառնալու են իրենց պետությունները։

Երկու երկրների միջեւ հարաբերությունների խոր ճգնաժամը տեղի է ունենում մի շրջանում, երբ Իսրայելն ու Թուրքիան գտնվում են արտաքին ու ներքին քաղաքական կարեւոր մարտահրավերների դեմ-հանդիման: Այսպես` Իսրայելի առջեւ ծառացած են մի շարք լրջագույն խնդիրներ: Սեպտեմբերի երրորդ տասնօրյակում սպասվում են անկանխատեսելի զարգացումներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, երբ պետք է դրվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցը: Չնայած ՄԱԿ-ի շրջանակներում Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների հետեւողական աջակցությանը` Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ու Չինաստանի պաղեստինամետ ենթադրելի դիրքորոշման եւ մի քանի տասնյակ երկրների` Պաղեստինի ճանաչման վերաբերյալ արված հայտարարությունների, ինչպեսեւ Արաբական լիգայի պետությունների հստակ աջակցության պատճառով տվյալ խնդիրը ներկայում դարձել է իսրայելական քաղաքական ու դիվանագիտական հսկայական ջանքերի համատեղման կենտրոնատեղի:

Իսրայելի ներքաղաքական կյանքը նույնպես հանգիստ չէ: Հուլիս ամսից ամբողջ երկրով մեկ տեղի են ունենում սոցիալական ընդվզումներ, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր քաղաքացիներ: Ցուցարարների գլխավոր պահանջներն են` հարկերի, բնակարանների, պարենամթերքի գների իջեցումը, անվճար կրթության ապահովումը եւ այլն: Վարչապետ Նեթանյահուի կառավարությունից մեծ ջանքեր են պահանջվում Իսրայելի համար աննախադեպ սոցիալական նման ելույթները մեղմելու համար: Չնայած երկրի տնտեսության մեջ տարիներ շարունակ արձանագրվող մի շարք հաջողություններին (առեւտրային հաջող ցուցանիշներ, գործազրկության անհամեմատ փոքր թիվ եւ այլն), սոցիալապես դժգոհ զանգվածներն առաջիկայում կարող են ներքաղաքական իրավիճակի փոփոխման կարեւոր աղբյուր դառնալ:

Բացի նշված լրջագույն մարտահրավերներից, Իսրայելի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ հարեւանների հետ անկանոն խնդրահարույց հարաբերությունները: Եգիպտոսից դեպի Գազա անցնող ահաբեկիչների ստեղծած լարվածությունը, եգիպտական գազատարի պարբերաբար պայթեցումներն ու գազի գնի շուրջ ծագած խնդիրները (վերջիններս լրացուցիչ խնդիրներ են ստեղծում Իսրայելի էներգետիկ զգայուն համակարգում), Լիբանանի հետ ծովային սահմանների շուրջ ծագած տարաձայնությունները եւ այլ հարցեր ծանրացնում են Իսրայելի` առանց այդ էլ մեծ քաղաքական բեռը: Հատկապես մեծ են Եգիպտոսի եւ Սիրիայի ապագայի հետ կապված մտավախությունները, որոնք «արաբական հեղափոխությունների» բերած (բերվելիք) վերափոխումների արդյունքում կարող են դառնալ տարածաշրջանում Թուրքիայի նոր դաշնակիցները` նպաստելով, որ թուրքական պետական մեքենան Մերձավոր Արեւելքում նորանոր դիրքեր նվաճի:

Իր խնդիրներով Իսրայելից ետ չի մնում Թուրքիան: Սիրիայում տեղի ունեցող ներքաղաքական ճգնաժամը Էրդողանի կառավարությանը ստիպել է թուրքական ուժային կառույցների, դիվանագիտական եւ հատուկ ծառայությունների ուշադրությունը բեւեռել այդ երկրի, ինչպեսեւ դրանից ածանցվող` Իրաքի Քրդստանի, Իրանի եւ իր հարավարեւելյան սահմանամերձ շրջաններում բռնկված քրդական ապստամբական շարժման վրա: Թուրք-սիրիական հարաբերություններում անընդհատ ահագնացող հակադրությունը, որն ունակ է վերափոխվելու Սիրիայի ներքին գործերին թուրքական զինված միջամտության, կիպրոսյան խնդրում սկզբունքային անհամաձայնությունները Եվրոպայի հետ, Հունաստանի հետ նշմարվող նոր տարաձայնությունները, քրդերի հետ ռազմական հակամարտությունը, սեփական բանակի սպայական կազմում ցավագին ընթացող զտումներն ու այլ խնդիրներ խոստանում են ապագայում եւս Թուրքիային պահել մշտական լարվածության մեջ:

Հենց այս խնդիրների բեռան տակ Թուրքիան եւ Իսրայելն այսօր ցանկանում են փորձության ենթարկել միմյանց կշիռները: Մի մրցակցություն, որը Թուրքիային խոստանում է նոր հնարավորությունների իրացման նախադուռ բացել, իսկ Իսրայելին` անսասան պահել նախկինում ունեցած ամուր դիրքերը: Ներկայացված լույսի ներքո ի հայտ են գալիս վերջին շրջանում երկու պետությունների ծավալած արտաքին քաղաքական մի շարք երկկողմ շփումների ու հարաբերությունների շարժառիթները: Հարաբերություններ, որոնք ուղղված են միմյանց դեմ պայքարում Թուրքիայի եւ Իսրայելի դիրքերի ամրապնդմանը:

Դեռեւս հուլիսի 25-ին Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել հայաստանցի իր պաշտոնակից Արման Կիրակոսյանի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններին, պատմական կապերին ու մշակութային ընդհանրություններին վերաբերող հարցեր: Որպես աշխուժացած շփումների շարունակություն` օգոստոսի 22-23-ին Երեւանում Արման Կիրակոսյանի եւ Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվիի գլխավորությամբ կայացան հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ, որտեղ քննարկման թեմաներն էին Հայաստան-Իսրայել համագործակցությունը, մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները եւ այլն: Հայ-իսրայելական այս շփումներն, անշուշտ, պայմանավորված են թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող բարդությունների հետ: Այս քայլով Իսրայելը փորձում է մի նոր քաղաքական գործիք ձեռք բերել թուրքական ճնշմանը դիմագրավելու եւ նրան զսպելու համար:

Բացի «հայկական» ճակատից, վերջին օրերին Իսրայելը շտապեց նաեւ մեկ այլ զգայուն երակ օգտագործել Թուրքիայի դեմ պայքարում: Սեպտեմբերի 4-ին նոր զարգացումներ գրանցվեցին արդեն հույն-իսրայելական հարաբերություններում: Հունաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներն այդ օրը Երուսաղեմում ստորագրեցին երկու երկրների ռազմական համագործակցության մասին հուշագիրը: Չնայած վստահեցմանը, որ այն ուղղված չէ տարածաշրջանի այլ երկրների դեմ, սակայն նրա հակաթուրքական ուղղվածությունը տարածաշրջանում կատարվող իրադարձությունների հենքին կասկածներ չի թողնում։

Թուրքական մարտահրավերի դեմ Իսրայելի նման հակազդեցությունը Թուրքիային ստիպել է մտածել թուրք-եգիպտական ռազմավարական դաշինքի մասին: Մոտ ապագայում սպասվում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ ԱԳ նախարար Դավութօղլուի այցը Եգիպտոս, որտեղ թուրքական կողմը նախատեսում է Եգիպտոսի վարչական ու ռազմական իշխանությունների հետ հասնել «ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագրի կնքմանը: Վերջինս, ըստ էության, պետք է դառնա թուրքական պատասխանը հույն-իսրայելական ներկայացված համաձայնագրին։

Բացի նշված ծրագրերից, Թուրքիան արդեն այսօր գործողություններ է իրականացնում` խափանելու համար Արեւելյան միջերկրածովյան շրջանում Իսրայելի դիրքերը: Այդ նպատակով առաջ են քաշվում պահանջներ Կիպրոսի եւ Իսրայելի նավթաորոնողական աշխատանքների, ինչպեսեւ Իսրայելի ռազմածովային ուժերի` տվյալ շրջանում զորավարժությունների օրինականության նկատմամբ:

Այս ամենը վկայում է, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները շատ արագ գլորվում են սրընթաց մի հունով, որի ընթացքը չի կարող կանգնեցնել անգամ այնպիսի հզոր միջնորդ, ինչպիսին ԱՄՆ-ն է: Վերջին ամիսներին այդ ուղղությամբ նրա կատարած բոլոր քայլերը մնացել են անարդյունք: Եվ թե ուր կտանի այսօր թուրք-իսրայելական քաղաքական հակամարտությունը երկու նախկին դաշնակիցներին` անհայտ է: Մերձավոր Արեւելքում կիսապատերազմական թեժ կետերի գոյությունը, որտեղ խաչվում են տասնյակ պետությունների, այդ թվում` հենց Իսրայելի ու Թուրքիայի պետական շահերը, այդ անհայտությունը դարձնում է առավել վտանգավոր:

Հեղինակը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
hայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ է
Սարո Սարոյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում