Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Դատելով մինիսուլթանի վերջին օրերի հայասպան վարքագծի ակտիվացումից՝ Հայաստանի Հանրապետությունը կարծես թե ինտենսիվացրել է իր արտաքին քաղաքական օրակարգի ծանրագույն խնդիրների լուծման նպատակով արտաքին դաշտում իր համար մանևրականություն ապահովելուն միտված քայլերը:
Ավտորիտարիզմի հաշվարկը նույնն է՝ պարբերաբար Հայաստանին հիշեցնել, թե ինչ իրավիճակ է գետնի վրա՝ դրանով իսկ հիշեցնելով, թե որն է Հայաստանի «իրական» տեղը:
Կարդում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վերաբերյալ և տեսնում եմ հետևյալ նախադասությունը՝ «Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն»: Գաղտնիք չէ, որ սույն դիրքորոշումը վերջին ժամանակներս հայաստանյան կողմը բավական տեսանելի առաջ է տանում միջազգային բոլոր հարթակներում: Տրամաբանական է նաև, որ երեք ոստիկանական ծառայողի կյանք խլած և մեկ անձի վիրավորման պատճառ դարձած ադրբեջանական դիվերսիայից հետո այդ դիրքորոշումը կրկնելն առավել քան անհրաժեշտ էր:
Միևնույն ժամանակ, կարդում եմ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը և տեսնում, որ արցախյան թևը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը և հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն, միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը:
Բնավ ես չեմ առաջարկում, որ այս երկու հայտարարությունները տեղերով փոխվեն, բայց մի հարցում վստահ եմ՝ արցախյան թևի բառապաշարի փոփոխությունը դառնում է անխուսափելի: Եվ որքան շուտ այն տեղի ունենա, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ արցախյան թևի մարդկային և տարածքային կորուստները չեն ավելանա: