Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող Իրանի դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Ակցիային մասնակցել են «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»-ի (ԱԱԿ) հարավ-ադրբեջանական ներկայացուցչությունը, Քաղաքացիական համերաշխության կուսակցությունը և «Դալգա» երիտասարդական կազմակերպությունը։
Ակցիայի մասնակիցները պահանջել են վերջ դնել Իրանում բնակվող «35 միլիոն» ադրբեջանցիների իրավունքների խախտումներին և քայլեր ձեռնարկել Ուրմիա լճի չորացման դեմ։
Ակցիան չի արտոնվել Բաքվի իշխանությունների կողմից, ինչի համար ոստիկանությունը ցուցարարներին արգելել է պաստառներ հանել ու կարգախոսներ վանկարկել։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքը փոխանցել են դեսպանատան աշխատակիցներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԿ-ն հայտարարել էր, որ Իրանը «միտումնավոր» պայմաններ է ստեղծում երկրի թյուրքախոս բնակչության արտագաղթի համար, չի նպաստում Ատրպատական նահանգի տնտեսության զարգացմանը, չորացման է դատապարտում Ուրմիա լիճը, ճնշումների և ձուլման է ենթարկում իրենց «հայրենակիցներին»։
Ի դեպ, օգոստոսի 27-ին Իրանի Ուրմիա քաղաքում տեղի էր ունեցել «բնապահպանական» ցույց՝ Ուրմիա լճի չորացումը կանխելու կոչերով, ինչի ընթացքում գրանցվել են ձերբակալություններ:








































