Transparency international հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոգտանյանին խնդրեցինք մեկնաբանել ոստիկանական համակարգում պաշտոնյաների ձերբակալումները և գնահատել՝ արդյո՞ք որոշ անհատների ձերբակալությունը վկայում է այն մասին, որ սկսվել է իրական պայքար կոռուպցիայի դեմ:
«Դեռ վաղ է ասել՝ սա համակարգային փոփոխությունների սկի՞զբն է, թե՞ ոչ, քանի որ առայժմ միայն մեկ հոգի՝ Մարգար Օհանյանն է ձերբակալվել:
Կամ՝ կասեն, թե նա միակն էր, որի ձերբակալմամբ հարցը լուծվեց, կամ կլինեն այլ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարելու»,- ասաց Վարուժան Հոգտանյանը:
Transparency international-ի ներկայացուցիչը հիշեցրեց, որ անցյալ տարի իրենց ամենամյա զեկույցը՝ կոռուպցիայի շարքային բարոմետրի համաձայն, ոստիկանության ոլորտը Հայաստանում ամենակոռումպացված ոլորտների ցանկում երկրորդ և երրորդ տեղն էր կիսել: Խիստ կոռումպացված այս ոլորտում որևէ փոփոխության գալու համար, Հոգտանյանի կարծիքով, պետք է ոչ միայն առանձին մարդկանց պաշտոնազրկել ու պատժել դրամաշորթման համար, այլև այլ միջոցներ ձեռնարկել՝ բնակչության շրջանում հարցումներ, կոռուպցիայի կանխարգելման, թափանցիկությունը ապահովելու համար:
«Արդյոք սա սկի՞զբն է կոռուպցիայի դեմ իրական պայքարի՝ հայտնի կդառնա ամիսներ անց, երբ կտեսնենք՝ փոխվե՞լ է արդյոք հասարակության մոտ ընկալումը, ինչը հայտնի կդառնա վստահելի հարցումների միջոցով»,- ասաց Վարուժան Հոգտանյանը:
Transparency international միջազգային կազմակերպության սկզբունքների համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին քայլը արդար ընտրություններն են, որից հետո պետք է արվեն տասնյակ քայլեր՝ գերատեսչություններում թափանցիկությունը, հաշվետվությունը ապահովելու, որոշումներ կայացնելու գործում հասարակությանը ներգրավելու համար:









































