Սյունիքի՝ հիգիենիկ հսկողության ու հակահամաճարակային ծառայության տեսչության պետի որոշմամբ, ընդամենը մեկ օրով դադարեցվել էր Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի (նախկին թիվ 1 կրթահամալիր) պարապմունքները: Ըստ տեսչության պետ Լենա Մալինցյանի՝ ինքը անցած ուրբաթ նման որոշման գնաց, քանի որ 2 օրը ևս բավական էր, որ վարակվածության դեպքերը քիչ լինեն: Երկուշաբթի դպրոցը աշխատել է բնականոն հունով, ու եթե նոյեմբերի 22-25-ը այստեղ 20 առաջնային դեպք էր գրանցվել, ապա այսօր՝ միայն հինգ: Ընդհանուր առմամբ, կրթօջախում մոտ 60 երեխա ընթացիկ ամսում հիվանդացել էր ջրծաղիկով: «Իրավիճակը վերահսկվում է. բոլոր երեխաները բժիշկների հսկողության տակ են, տնային բուժում են ստանում, հիվանդությունն ընթանում է թեթեւ, բարդության դեպքեր չկան»,-ասաց տիկին Մալինցյանը: Օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդությանը նպաստում են եղանակային պայմանները: Ջրծաղիկով վարակված են հիմնականում Կապան քաղաքի Հալիձոր ու Բաղաբերդ թաղամասերի երեխաները: