«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը

Տիկին Կույումջյանը, կառավարությունը նախատեսում է այս տարի հոկտեմբերին մարդահամար անցկացնել, ձևավորվել է հանձնաժողով: Ինչպե՞ս է այս գործընթացը տեղի ունենալու և արդյոք 9-10 օրը բավարար ժամկետ է ամբողջական մարդահամար իրականացնելու համար: Ի՞նչ սկզբունքով է դա տեղի ունենալու:
Սովորաբար մարդահամարները կոնկրետ ժամանակահատվածում են տեղի ունենում և սահմանված նորմատիվների համաձայն հավաքագրվում են այդ քանակությամբ աշխատակիցներ՝ հաշվարարներ, որոնք կունենան իրենց վերահսկող հսկիչները՝ այդ ժամանակահատվածում աշխատանքներն իրագործելու համար: Այսինքն յուրաքանչյուր հաշվարար ունի իր սահմանագծված տարածքը, որտեղ ինքը պետք է գնա կոնկրետ տնային տնտեսություններ նախօրոք իրեն տրված հարցաշարով, այնտեղ հարցումներն իրականացնի: Այսօրվա կառավարության նիստում արդեն հաստատվեց մարդահամարի ծրագիրը, հարցերի այն ցանկը, որոնք պետք է ներառվել մարդահամարի հարցաթերթում: Այն վաղօրոք քննարկվել էր արդեն բոլոր պետական, հասարակական, գիտակրթական կառույցների մասնագետների, միջազգային կառույցների հետ, հանրային քննարկման էր դրվել: Վերջնական արդյունքը այսօր հաստատվեց, որից հետո հարցաթերթը կձևավորվի: Այս մարդահամարը նախորդների համեմատ ունի տարբերություն. Եթե նախորդ մարդահամարները՝ 2001-ին, 2011-ին, եղել են ավանդական մեթոդներով, հաշվարարները մտել են յուրաքանչյուր տուն, ապա հիմա առաջին անգամ մարդահամարն իրականացնելու է համակցված մեթոդով: Օգտագործվելու է բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգը և 25 տոկոսով ընտրանքային հետազոտություն է իրականացվելու: Ընդ որում բնակչության պետական ռեգիստրը հատուկ ծրագրային ապահովման միջոցով համակցվել է, համադրվել է էլեկտրոնային կառավարման ծրագրերի հետ, որպեսզի բնակչության շարժը հնարավորինս արդիական լինի մարդահամարի պահի դրությամբ: Այսինքն ովքեր երկրից բացակա կլինեն արդեն ճշգրտված կլինի վիճակագրությանը հասանելի դաշտում: Իսկ ամբողջ մարդահամարի ծրագրով եղած տեղեկատվությունը պետք է հավաքագրվի ընտրանքային հետազոտության միջոցով: Ընդ որում, բնակչության պետական ռեգիստրի ներբեռնված հասցեների ցանկում ձևավորվել է հասցեների շտեմարան, որի միջոցով պատահական ընտրանք է իրականացվելու, որպեսզի ապահովվի յուրաքանչյուր բնակավայրի 25 տոկոսը, և հնարավոր լինի համակցել ռեգիստրի և հավաքագրված տվյալների ամբողջ բազան: Ռեգիստրում, ինչպես հայտնի է, տվյալները շատ սահմանափակ են՝ սեռ, տարիք, ծննդավայր, քաղաքացիություն, կացության կարգավիճակ: Իսկ մարդահամարի ծրագիրը մի քիչ ավելի լայնամասշտաբ է, ազգության, լեզուների, կրթական մակարդակի, ամուսնական վիճակի, տնային տնտեսությունների բնակության պայմանների վերաբերյալ հարցադրումներ կան: Առաջին անգամ մարդահամարի մեջ ներառվել է նաև բնակչության առողջական կարգավիճակի՝ շարժունակության, լսելու, տեսնելու կարողությունների վերաբերյալ հարցեր: Այս հարցերը շատ կարևորվում են աշխատանքի, սոցիալական հարցերի, նաև առողջապահության նախարարությունների կողմից, որպեսզի հնարավոր լինի իրենց հետագա ռազմավարությունները դրանց հիման վրա բարելավել: Նաև կարևոր են բնակության պայմանները, թե տնային տնտեսություններն ինչպիսի պայմաններում են ապրում, արդյոք կոյուղի ունեն, արդյոք այդ տարածքն իրենց սեփականությունն է հանդիսանում: Այս տվյալները ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման տեսանկյունից շատ արդիական կլինեն:
Մարդիկ կան, որոնք Հայաստանում չեն, արտագաղթել են: Այս առումով ի՞նչ տվյալներ է հնարավոր հավաքագրել:
Քանի որ բնակչության պետական ռեգիստրի տվյալները համակցված են, համադրված են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հետ, դրանք արդեն արդիականացվել են: Այն մարդիկ, որոնք երկարաժամկետ են բացակայում, բնականաբար, իրենք այդ ընտրանքի մեջ չեն հայտնվի: Երկու մեծ շտեմարանների համադրությունն այն է, որ տվյալները արդիական լինեն: Բնակչության ռեգիստրը օրենքով սահմանված շտեմարան է և եթե այնտեղ բնակիչը չի դիմում իր կարգավիճակի փոփոխության հարցով, այնտեղ տեղեկացված չեն լինում, իսկ սահմանային տեղեկատվական համակարգը մեզ հնարավորություն է տալիս անձի երկրում լինելու կամ բացակայելու վերաբերյալ տեղեկություններ ունենալ: Իմանալ, թե մարդն ինչ ժամկետում է բացակայել, որպեսզի իրեն ներառենք առկա բնակչության թվաքանակում, ժամանակավոր բացակայողների, թե երկարատև բացակայողների մեջ: Այդ ամենը հաշվի է առնված: Ընդ որում, պետք է ասեմ, որ այս մեթոդը, որ մենք առաջին անգամ կիրառել ենք, ինքն արդեն աշխարհի կողմից ընդունված է, շատ երկրներում փորձարկված է: Մենք փաստորեն, օգտագործում ենք այլ առաջավոր երկրների իրականացրած փորձը: Սա հնարավորություն է տալիս հնարավորինս կրճատելու մարդահամարի համար նախատեսվող ծախսերը, բարելավելու վարչական ռեգիստրների գործունակությունը: Կան երկրներ, որոնք ամբողջապես անցել են վարչական ռեգիստրների հիման վրա մարդահամարների անցկացմանը: Մենք դեռ առաջին քայլն ենք անում: Բնականաբար, օգտվում ենք նաև միջազգային գործընկերների, փորձագետների կարծիքից ու միջազգային հանձնարարականներից: Այսինքն ամեն ինչ սահմանված ընթացակարգով է իրականացվում:
Ձեր կարծիքով շա՞տ է լինելու տարբերությունը նախորդ մարդահամարի ցուցանիշների համեմատությամբ:
Հիմա դժվար կլինի կանխատեսում անել, որովհետև նախորդ մարդահամարների ժամանակ այցելել ենք յուրաքանչյուր տուն, իսկ հիմա պետք է ունենանք երկու սկզբնաղբյուրներից ստացված տեղեկատվություն, և պետք է կարողանանք դրանք համադրել ու ստանալ ավելի լիարժեք, ավելի արդիական տեղեկատվություն: Այդ գործընթացում դեռևս միջազգային փորձագետների աջակցությունը սպասում ենք:
Այս փուլում մարզերում հասցեների ճշգրտման գործառույթներն ավարտվել են, այսինքն բոլոր խնդիրներն իրենց հունով ընթանում են: Բոլոր գործընթացներն իրենց հունով ընթանում են, այնպես չէ, որ եթե ընտրանքային է, ինչ-որ բան բաց է թողնված: Այսինքն տեղի է ունենում հասցեների ճշգրտում, որպեսզի մեր իրականացրած ընտրանքը լիարժեք լինի, որ տվյալների տարածման ժամանակ որևէ կասկած չառաջանա:











































